«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի հարձակվող Լամար Օդոմը մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել թուրքական «Բեշիքթաշ» ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը:
Նշենք, որ այժմ Ազգային Բասկետբոլային Ասոցիացիայում (NBA) խաղերը դադարեցված են, քանի որ խաղացողներն ու ասոցիացիան համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ, և ԱՄՆ-ում հանդես եկող բասկետբոլիստները տեղափոխվում են Եվրոպա: Լամար Օդոմի պայմանագրում նշված է, որ մրցաշրջանը վերսկսվելու դեպքում նա կարող է վերադառնալ ԱՄՆ:
ESPN-ի լրագրող Մարկ Սթեյնը նշում է, որ Լամար Օդոմը շատ հայտնի է Թուրքիայում հատկապես նախորդ տարի Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա ոսկե մեդալներ նվաճեց ԱՄՆ-ի հավաքականի կազմում:
«Չնայած նրան, որ Օդոմի կինը` Քլոե Քարդաշյանը, հայ է, Թուրքիայում հեռարձակում են Քարդաշյանների ընտանիքի ռեալիթի շոուն, և այն բավական հանրաճանաչ է երկրում», – նշում է Սթեյնը:
Ամերիկյան մամուլը, գրելով Օդոմի պայմանագրի մասին, որի ընթացքում նա 2 միլիոն դոլար կստանա, շեշտում է նրա կնոջ հայ լինելու փաստը: Դա պատահական չէ, քանի որ Քլոե քույրը` հայտնի դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը, բազմիցս իր բացասական կարծիքն է հայտնել Թուրքիայի և ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշման նկատմամբ, որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Բացի դա, նախորդ տարվա վերջին ԱՄՆ-ի և Կանադայի հայ համայնքը մի քանի բողոքի ակցիաներ էր կազմակերպել այն բանից հետո, երբ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի լավագույն բասկետբոլիստ Քոբի Բրայանտը պայմանագիր կնքեց Turkish Airlines ավիաընկերության հետ: Հայերը նշում էին, որ իրենց կուռքը պետք է հարգի բազմաթիվ հայազգի երկրպագուներին` պայմանագիր չստորագրելով մի երկրի ավիափոխադրողի հետ, որը հերքում է Հայոց Ցեղասպանության փաստը: