Այսօր առավոտվանից երթուղիներից հանվել են Սևանից և Էջմիածնից դեպի Երևան եկող գազելները: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից: Բացի դա, Էջմիածնում քրեականի աշխատակիցներն ահաբեկում են նաև տաքսիստներին՝ պահանջելով, որ դեպի Երևան ուղևոր չտեղափոխեն: Հիշեցնենք, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսը ժամը 18:00-ին հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում, և ՀԱԿ-ը նշում, որ փակ ճանապարհների պատճառը կապված է դրա հետ:
Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի գրասենյակից մեզ տեղեկացրել են, որ այնտեղ ևս դեպի Երևան եկող գազելները հանվել են երթուղիներից:
ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակից զանգահարել են ավտոկայան տրանսպորտի չաշխատելու պատճառները ճշտելու համար:
«Ճանապարհները լավ չեն, այդ պատճառով էլ տրանսպորտը չի աշխատում», – պատասխանել են ավտոկայանից:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, սակայն, նոյեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ դժվարանցանելի են միայն Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ, Դիլիջան – Երևան, Բերդ-Իջևան, Դիլիջան-Վանաձոր, Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան – Գորիս և Մեղրի – Կապան ավտոճանապարհները: Հայաստանի մյուս ճանապարհներն անցանելի են եղել:
Նշենք, որ այս պահին Գյումրիի ավտոկայանում մարդկանց կուտակումներ են: