«Եվրո-2012»-ին ընդառաջ Ուկրաինայում վերացնում են փողոցային շներին և կատուներին: Այս առնչությամբ Պատրիկ անունով ֆուտբոլասերը բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին` կոչ անելով միջոցառումներ ձեռնարկել կենդանիների սպանդը դադարեցնելու համար:
«Խորը տրտմությամբ և սարսափով կարդացի Ուկրաինայում «Եվրո-2012»-ին ընդառաջ ծրագրված և արդեն իրականացվող շների և կատուների սպանդի մասին: Հարյուրավոր շներ և կատուներ դեռևս կենդանի վիճակում պարկերով փոխադրվում են դիակիզարաններ: Ես իսկապես ուզում եմ հարցնել ձեզ, ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում: Ես վստահ եմ, որ դաժանության այս ակտը հայտնի է համապատասխան գերատեսչություններին: Ֆուտբոլը միավորում է տարբեր ազգերի մարդկանց, որպեսզի բոլորը միասին վայելեն այս խաղը, որտեղ արդարությունը կարևոր դեր է խաղում: Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ, ազնիվ է: Չեմ էլ ուզում հիշեցնել, որ բազմաթիվ ֆուտբոլասերներ իրենց շներին և կատուներին հավատարիմ ընկերներ են համարում»,- գրել է երկրպագուն:
Պատրիկը խնդրում է բարձրաստիճան պաշտոնյաներին ինչ-որ բան փոխել և անել հնարավոր ամեն բան` կենդանիների հանդեպ իրականացվող դաժանությունները դադարեցնելու համար, «հատկապես ԽԱՂԻՆ ընդառաջ»: