«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու, այդուհանդերձ թերթի աղբյուրները, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլև Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը:
Ըստ օրաթերթի` երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերևս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական: Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ: