Հայկական կողմը ցանկանում է, որպեսզի հայ-ադրբեջանական շփման գծում անհանգիստ վիճակը մարդկային զոհերի պատճառ չդառնա: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով սահմանին ստեղծված վիճակի մասին հարցին:
«Գիտեք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկու զինվորի կորուստ ունեցանք (հայ զինծառայողներն ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են Լեռնայի Ղարաբաղում նոյեմբերի 19-ին և նոյեմբերի 20-ին – խմբ.), և մեր զինվորների մահը, այդ երկու զինվորի կորստի մեղքն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա: Եվ նաև նրանց բանակի հետագա կորուստների պատասխանատուներն էլ են իրենք, որովհետև մեզ համար մեր զինվորի կյանքը չափազանց թանկ արժե: Եթե նրանց համար իրենց զինվորի կյանքը ոչինչ չարժե, ապա մեզ համար, իրոք, շատ թանկ արժե: Սա բոլորը պետք է լավ հիշեն: Կարծում եմ, որ գնալով այս անհանգիստ վիճակը կմեղմվի», – ասել է Սերժ Սարգսյանը:
Լրագրողները հարցրել են ՀՀ նախագահին՝ ինչու վերջինս նման համոզմունք ունի:
«Ինչո՞ւ, որովհետև դա մեր ցանկությունն է, որովհետև տրամաբանությունը դա է հուշում, որովհետև մարդկային բանականությունը դա է պահանջում: Ամեն ինչ լավ է լինելու: Մի՛ կասկածեք: Գիտե՛ք, որպեսզի որևէ խնդիր լուծվի, մենք պետք է ցանկություն ունենանք ու նաև պետք է համոզմունք ունենանք: Եթե չունեցանք համոզմունք, եթե նպատակ չունեցանք, ապա ոչ մի բան չենք կարողանալու անել», – պատասխանել է Սարգսյանը: