Հրապարակախոս, հասարակական գործիչ Օրհան Քեմալ Չենգիզը Today’s Zaman-ի իր բլոգում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում լայնորեն քննարկվող Դերսիմի դեպքերի համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությանը: 30-ականներին Թուրքիայի իշխանությունների կողմից 13000 ալևիների սպանության շուրջ ծավալված քննարկումը պատճառ է դարձել կրկին քննարկելու Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Չենգիզը, մասնավորապես, գրել է.
«Մի հարց կա, որը բազմիցս լսել եմ Թուրքիա այցելած արևմտյան երկրների ներկայացուցիչների և այլ արտասահմանյան դիվանագետներից. «Ինչո՞ւ է Թուրքերի համար այդքան դժվար քննարկել հայկական հարցը»:
Ոմանք շատ ավելի նրբանկատորեն են հարցին մոտենում. «Բոլոր ազգերն էլ սխալ արարքներով նշանավորված պատմություն ունեն»: Եվ, իսկապես, ինչո՞ւ ենք մենք անկարող խոսել այս մասին:
Սա այն հարցն է, որի շուրջ ես շատ երկար եմ մտածել. Ամերիկան, Ֆրանսիան, Անգլիան, Նիդերլանդները և այլ երկրներ «ջարդեր են» իրականացրել, ոչ միայն գրավված երկրներում, այլև իրենց սեփական տարածքում: Ինչ վերաբերում է մեզ, մենք սպանել ենք մեր հարևաններին: Հյուսիսային Ամերիկա եկածների համար բնիկ ամերիկացիները շատ «պարզունակ» և օտար էին թվում: Բրիտանացիների համար, հնդկացիները այն մարդիկ էին, ովքեր ապրում էին աշխարհի մյուս ծայրում: Բայց մեզ համար հայերը մեր կողքի հարևաններն են: Ես հավատացած եմ, որ սա է պատճառը, որ հայերի զանգվածային սպանությունները շատ ավելի խորը սպիեր են թողել մեր հասարակության գիտակցության վրա, քան եվրոպացիների կամ ամերիկացիների կողմից իրականացված ջարդերը:
Այս հարցի քննարկումից մեզ հեռու պահող մյուս գործոնն այն է, որ «ժամանակակից Թուրքիան» և «թուրքական ինքնությունը» կառուցվել են որոշակի «բացառիկության» գաղափարի վրա: Թուրքիայի հիմնադիրները փաստացիորեն բնորոշում էին թուրքերին որպես ոչ մահմեդականներ: Սակայն կան անգամ շատ ավելի ցավալի գործոններ: Նրանք, ովքեր ակտիվ դեր են ունեցել հայերի սպանությունների գործում, նույնպես Թուրքիայի հանրապետության հիմնադիրներից էին: Այսպիսով, անցյալին առերեսել կնշանակի, որ մենք կարող ենք կորցնել մեր «հերոսներին» և նրանց «մարդասպաններ» դարձնել, որոնց համար, ընդհակառակը, ամաչել է պետք:
Հասկանալի է, որ Թուրքիայում մենք ինքնություն ենք կառուցել այս մերժողական ողջ համակարգի վրա: Իրավիճակին այս տեսանկյունից նայելով, շատ հարցեր անմիջապես պարզ են դառնում:
Երբ մարդիկ շրջվում են դեպ իրենց անցյալը, և հաշվի նստում նրա հետ, նրանք նպաստում են իրենց հասարակության էվոլյուցիային: Սակայն, մերժելով պատահածը, անցյալի սխալներն էլ ավելի են մեծանում, քան այն սխալները, որոնք պարզապես հասարակության ինքնության մի մասն են:
Այս օրերին թուրքական օրակարգում անցյալին առերեսելու ևս մեկ հնարավորություն բաց թողնվեց: Թուրքական մամուլում բաց բանավեճ է ընթանում այն փաստաթղթի շուրջ, համաձայն որի Աթաթուրքն ու իր ռազմական ընկերները կարգադրել էին սպանություններ իրականացնել Դերսիմում:
Դերսիմի մասին որոշ ժամանակ կարող ենք խոսել. սրա պատճառն այն է, որ իշխող կուսակցությունը կարծում է, թե կոնկրետ քաղաքական ուժ է պատասխանատու Դերսիմի համար, և որ այն «կեղտը», որ շրջապատում է մեզ, երբեք չի ցայտի իրենց վրա: Բայց այդ նույն կառավարությունը չի ցանկանում քննարկել 1915-ի դեպքերը: Նրանք ի վիճակի չեն նմանատիպ մոտեցում ցուցաբերել 1915-ի նկատմամբ:
Ձախականները հրաժարվում են նայել իրենց բռնությամբ լի անցյալին: Եվ մենք մեր երկրում շարունակում ենք ապրել չթաղված դիակների մեջ: Արդյո՞ք այս բանավեճերը, որոնք ծագել են Դերսիմի հարցի շուրջ շրջադարձային կլինեն: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել Դերսիմի ջարդերի համար, և սա, իհարկե, շատ կարևոր առաջընթաց է, բայց արդյո՞ք մենք իրոք կարող ենք խոսել անցյալին առերեսելու մասին, եթե մենք չենք անդրադառնում 1915-ին, այլ պարզապես ընտրողաբար որոշ իրադարձությունների մասին ենք խոսում»: