Եվրագոտու ճգնաժամը Եվրոպական տնտեսությունը վերածել է «դանդաղեցված գործողությամբ ռումբի», որը դրված է Թուրքիայի դռան առջև: Hürriyet Daily News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ներկայումս 100 ինտելեկտուալների թվում ընդգրկված հայազգի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն:
«Եվրոպայի դանդաղեցված գործողությամբ ռումբը բախում է Թուրքիայի դուռը: Թուրքական տնտեսությունը սերտորեն կապված է Եվրոպական տնտեսությանը: Այդ իսկ պատճառով այն բաց է բոլոր ցնցումների համար»,- ասել է տնտեսագետը:
Աջեմօղլուն 50/50-ի է գնահատում նոր գլոբալ ճգնաժամի հավանականությունը: Ըստ նրա` եթե Եվրոպայում նոր ճգնաժամ լինի, Թուրքիան կհայտնվի 2009 թվականին գրանցված իրավիճակում, երբ երկրի տնտեսությունը 4,7% անկում ապրեց:
Աջեմօղլուի կարծիքով` «Տնտեսական ճգնաժամի առանցքային խնդիրը միջոցների չափից շատ սպառումն ու օգտագործումն է, որը սովորաբար ուղեկցվում է հետագայում սպառողականության նվազմամբ»:
Խոսելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից իրեն արված՝ Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ նշանակվելու առաջարկի մասին, տնտեսագետը նշել է, որ «հպարտ է» նման առաջարկ ստանալու համար, սակայն դեռևս չի պատրաստվում ընդունել այն . «Ես չեմ մերժել առաջարկը, պարզապես նախընտրում է գրքեր գրել և շարունակել իմ ակադեմիական աշխատանքը»,- ասել է նա` միաժամանակ հավելելով, որ, միգուցե, հետագայում ընդունի այն:
Ինչպես նշում է պարբերականը, եթե 33-ամյա պրոֆեսոր Աչեմօղլուն ընդուներ առաջարկը, նա կդառնար առաջին թուրքահայը, ով նման պաշտոն է ստանձնում: