«Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական նամակին համարում է ոչ պետականավայել, հատվածական հարձակում Րաֆֆի Հովհաննիսյան անհատի և ընդհանրապես ողջ ընդդիմության, Հայաստանի հասարակության ու քաղաքացու վրա:
«Եթե նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՀԿ-ը նշել էր, որ «անհրաժեշտ է զերծ մնալ իշխանության ստանձնած քաղաքական պարտավորությունները բացարձակացնելու փորձերից, քանզի դրանք ունեն ողջամիտ սահմաններ», ապա նոյեմբերի 26-ի իր արձագանքով ՀՀԿ ղեկավար եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց այդ «սահմանը»: Այն է` ազատ, արդար ու մրցակցային ընտրություններ անցկացնելու կամ դրանք իրականություն դարձնելու ցանկացած պահանջ կամ առաջարկ հատում է «թույլատրելի սահմանագիծը» եւ գնահատվում որպես սեւացնող, թունավորող, վարկաբեկող ու չարամիտ նպատակներ հետապնդող», – ասված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ «Ժառանգության»` Սերժ Սարգսյանի արձագանքը վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն մերժում եւ չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, հանրային ու պետական ռեսուրսների նկատմամբ կուսակցական մենաշնորհները վերահաստատելու, անհավասար մրցակցային պայմաններ թելադրելու, քաղաքացիական ու հանրային ծառայողներին պարտադրելու, մեծամասնական ընտրակարգով ընտրական գործընթացն աղավաղելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից:
«Տասնվեց տարի շարունակ իշխանությունների կողմից հակոտնյա այդ մեթոդաբանությամբ ընտրությունների կազմակերպումն է հենց շարունակաբար սեւացրել ու վարկաբեկել երկրի հեղինակությունը, հանգեցրել ժողովրդական ընդվզման եւ արյունահեղության: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008թ. նախագահական ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1»:
Գործող նախագահը պետք է գիտակցի, որ քաղաքական նման հռետորաբանությունը, որն ուղեկցվում է վերոնշյալ մեթոդներով անցկացված «ընտրություններով», ամենակարճ ճանապարհն է բացում դեպի ներհասարակական անհանդուրժողականություն: Ուստի սթափվելու պահը բոլորի համար է, եւ առաջին հերթին` գործող նախագահի:
Եթե Սերժ Սարգսյանը սխալվել է կամ վրիպել, կամ էլ շեղվել նախագահական ոճից եւ բովանդակությունից` դա էլ է պատահում, դեռ կարող է ուղղել սխալը, անհեթեթ ու անիմաստ ասպատակումների փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի կետերի գերակշիռ մեծամասնության ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրներն անհապաղ լուծելու, ընտրությունները հանրորեն ընդունելի դարձնելու, Հայաստանի Հանրապետությունում վերջապես իրավական (դե յուրե) ընտրական արդյունք ապահովելու համար», – նշում է «Ժառանգությունը»: