Ղարաբաղյան հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Այս մասին Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ, որ քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են հայերն ու ադրբեջանցիները, փորձեն հակադրել միմյանց:
«Առավել ևս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային և հոգևոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները:
Այս կարևորագույն լսարանի առջև Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը», – մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: