ՌԴ մայրաքաղաքում գտնվող «Մոսկվա» առևտրի կենտրոնի «Հին Բաքու» սրճարանի մոտ տեղի ունեցած ընդհարման հետևանքով զոհված հայազգի տղամարդը 38-ամյա Կարեն Հարությունյանն է: Ըստ ադրբեջանական Vesti.az կայքի` վիճաբանությանը ադրբեջանցիներ չեն մասնակցել:
Ինչպես կայքին հայտնել է Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի Մոսկվայի բաժնի ղեկավարը, «Հին Բաքու» սրճարանն իսկապես ադրբեջանցու է պատկանում, սակայն ընդհարումը պայմանավորված չի եղել ազգամիջյան խնդիրներով, և դեպքն էլ պատահել է ոչ թե սրճարանի ներսում, այլ սրճարանի մոտ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` հայազգի տղամարդն առավոտյան կնոջ` Յուլիայի հետ անցնելիս է եղել այդ հատվածով, և ինչ-որ մեկը սկսել է խոսեցնել Հարությունյանի կնոջը: Արդյունքում` կոնֆլիկտ է ծագել, որի հետևանքով Հարությունյանը սպանվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Հին Բաքվում» տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհվել է Ռուսաստանի քաղաքացի, ևս 4 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Նշվում էր նաև, որ հիվանդանոցում է հայտնվել նաև սրճարանի անվտանգության աշխատակիցը: