2011 թ. նոյեմբերի 27-ին «Փոքր խորհուրդ» հասարակական-գաղափարական խմբի հերթական նիստում «Գրականություն և ռեպրեզենտացիա» թեմայով զեկույց է ընթերցել մշակութաբան Վարդան Ջալոյանը:
Զեկուցողը սկզբում կանգ է առել միջնադարում նշանի և մարմնի կարգավիճակի ընկալման վրա: Նա նշել է, որ միջնադարյան թատերական ներկայացման ժամանակ չկար տարբաժանում բեմի և հանդիսատեսի միջև, իսկ դերասանը զբաղված էր ծամածռություններով և անպատշաճ ռեպլիկներ բաց թողելով: Միջնադարում կաթոլիկ պատարագի ժամանակ «սա է իմ մարմինը և սա է իմ արյունը» բանաձևերը նշանակում էին Հիսուսի մարմնի և արյան մոգական մարմնավորումը այստեղ և հիմա: Բողոքական աստվածաբանությունը «սա է …» արտահայտությունը սկսել է մեկնաբանվել որպես Հիսուսի մարմնի և արյան նշան, որը մարմնավորվում է հիշողության մեջ: Թատրոնում հայտնվել է վարագույրը, որը բաժանում է բեմը և հանդիսականներին: Այդ ժամանակ մեկնարկել է նշանի կամ մետաֆիզիկայի դարաշրջանը:
Դա նշանակում է, որ մարդն այլևս չի ընկալվել որպես մասնակից, այլ աշխարհից դուրս է հայտնվել և սկսել է դրսից դիտել աշխարհը:
Փիլիսոփա Դեկարտի մոտ մարմինը տարածության մեջ է, իսկ հոգին՝ ժամանակի. Փաստորեն, առաջացել է «հեռավորության կուլտուրան»:
Նիկլաս Լումանը տարբերակել է առաջին կարգի և երկրորդ կարգի դիտորդներին: Առաջին կարգի դիտորդը տեսնում է խնձորը և այն անվանում խնձոր: Այս սկզբունքով են կառուցված բառարանները և հանրագիտարանները: Սակայն աստիճանաբար պարզ դարձավ, որ միասնական տեսակետը, որ կարել է անվանել Աստծո տեսակետ, անհնար է:
Առաջին կարգի դիտորդին համապատասխանում է բացարձակ միապետությունը և բարոկոյի մշակույթը, սակայն 18-րդ դարի վերջին առաջացել է նոր հարացույց:
«Սուբյեկտը նայելով օբյեկտին, տեսնում է ինքն իրեն. ի՞նչու նայեցի օբյեկտին: Սա երկրորդ կարգի դիտորդն է: Եթե առաջին կարգի դիտորդը արտոնություն է՝ այստեղից ժարգոնային «նայող» բառը, ապա երկրոդ կարգի դիտորդին ուղեկցում է դատապարտվածության զգացումը. նա դատապարտված է դիտելու ժամանակ դիտել իրեն: Երկրորդ կարգի դիտորդին համապատասխանում է արվեստի ու գրականության ավտոնոմիայի իդեալը, իսկ քաղաքական կարգի առումով լիբերալ պետությունը», – նշել է Վարդան Ջալոյանը:
Զեկուցողը բացմաթիվ օրինակներ է բերել եվրոպական և հայկական մշակույթից, բայց իր շարադրանքը ընդհատել է ռոմանտիզմի դարաշրջանի վրա կանգ առնելով ու չներկայացնելով թեմայի հետագա զարգացումը, մասնավորապես «հետմետաֆիզիկական» դարաշրջանը:
Զեկույցը մեծ ուշադրությամբ էր ընկալվում. Դրանից հետո կայացավ աշխույժ քննարկում: Որոշ դրույթներ ներկաներին թվացին կասկածելի և հնչեցին բացմաթիվ առարկություններ, չնայած համաձայնվողները ևս շատ էին: