Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկը բժիշկների հետազոտությունների արդյունքում պատրաստված զեկույցի հիման վրա հոգեպես խանգարում ունեցող անձ է ճանաչվել: Այս մասին գրում է Agence France-Presse-ը` հղում կատարելով հոգեբույժների հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոգեբուժական փորձաքննության արդյունքները ներկայացվել են դատարանին երեքշաբթի առավոտյան: Զեկույցում ասվում է, որ ահաբեկչությունների ընթացքում Բրեյվիկի պահվածքի, ինչպես նաև հետագայում հոգեբույժների հետ զրույցների ուսումնասիրության արդյունքում ահաբեկիչը հոգեկան հիվանդ է ճանաչվել:
Reuters-ի փոխանցմամբ` եթե դատարանը հաստատի փորձագետների եզրակացությունը, մեղադրյալին հնարավոր չի լինի ազատազրկման դատապարտել, և Անդերս Բրեյվիկը ստիպված կլինի հարկադրական բուժում անցնել:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը մեղադրվում է կրկնակի ահաբեկչության իրականացման մեջ, որը տեղի էր ունեցել 2011-ի հուլիսի 22-ին Ներվեգիայի մայրաքաղաք Օսլոյում և Ուտոյա կղզում: Ահեբկչի գործողությունների հետևանքով 77 մարդ զոհվեց: