ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկ ոստիկանության քննչական վարչության կենտրոնի բաժին է կանչվել ցուցմունքներ տալու «Նաիրիտի» գործով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Հիշեցնենք, որ Առաքելյանը մեղադրում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 31 միլիոն դոլար յուրացման մեջ գործարանի վաճառքի գործարքը կնքելու ժամանակ:
Թերթը նշում է, որ քննիչ Արթուր Մանուկյանը Հարություն Առաքելյանին հարցրել է, թե ինչ տեղեկությունների հիման վրա է արել վերջինս արել 31 միլիոն դոլարի յուրացման մասին իր հայտարարությունը: ՀՌԱԿ ատենապետը նշել է, որ օգտվել է «42 սկզբնաղբյուրներից»` կայքեր, ռադիո և հեռուստահաղորդումներ, տեսաերիզներ և «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներ:
Ըստ օրաթերթի տեղեկությունների` Առաքելյանն ասել է, որ նրանց անունները կհրապարակի միայն իրենց հետ համաձայնեցնելուց հետո:
Միևնույն գործի վերաբերյալ «Առավոտ»-ը գրում է, թե ՀՌԱԿ ատենապետի`վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված միլիոնավոր դոլարների փոշիացման վերաբերյալ մեղադրանքների հիմնական դրդապատճառն իր գործնական հարաբերություններն են «Նաիրիտ»-ի հետ: Ըստ օրաթերթի աղբյուրների` այդ բիզնես-հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ընթացել: Նույն աղբյուրների տեղեկություններով` անգամ եղել են հարուցված քրեական գործեր` ոչ հօգուտ ՀՌԱԿ ատենապետի, որոնց պատճառով էլ «Նաիրիտը» դադարեցրել է Առաքելյանի հետ համագործակցությունը: