Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանի Լյանտոր քաղաքում հանցագործները` Ձմեռ Պապի անունից հանդես գալով, երեխաներին ստիպել են հանձնել տան թանկարժեք իրերը:
Life News պարբերականը նշում է, որ հանցագործների գործողություններից երկու եղբայրներ են տուժել: Տղամարդիկ մոտեցել են երեխաներին և պահանջել պատուհանից դուրս նետել այն բոլոր զարդերը, որ կգտնեն տանը: Հանցագործները սպառնացել են, որ հակառակ դեպքում Նոր Տարվա գիշերը Ձմեռ Պապիկը երեխաներին չի այցելի:
Երեխաները կատարել են նրանց կարգադրությունները, տուն են գնացել և պատուհանից դուրս նետել թանկարժեք իրերը: Շուտով զարդերի կորուստը նկատել են ծնողները: Նրանք հարցուփորձ են արել երեխաներից, պարզել իրականությունը և դիմել ոստիկանություն: Իրավապահներին դեռևս չի հաջողվել պարզել հանցագործների ինքնությունը: