Միացյալ Կովկասի գաղափարը թույլ կտա լուծել իմպերիալիստական ուժերի կողմից տարածաշրջանում հրահրված բոլոր հակասությունները, երեքշաբթի Թբիլիսիում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Իմպերիալիստական ուժերը հարաբերություններ էին կառուցում մեր երկրների հետ «բաժանիր և տիրիր» սկզբունքով, ինչն իր պտուղներն է տվել, և այսօր մենք պետք է հարաբերություններ կառուցենք նոր սկզբունքներով` ապահովելով մեր երկրների անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ընդգծել է նա:
Սահակաշվիլին նշել է նաև, որ Կովկասում առկա բոլոր հակամարտությունները «դրսից են հրահրվում»: «Հակամարտությունները մեր վզին փաթաթվում են դրսից, և մենք պետք է կտրականապես հրաժարվենք այդ խնդիրներից, մեզ անմիջական բանակցություններ են անհրաժեշտ` առանց երրորդ կողմի մասնակցության»,-ընդգծել է նա: