Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը կրկին հոլովվում է մի աղմկահարույց պատմության շրջանակներում:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի փոխանցմամբ` վերջինիս սանիկը` ՀՀ քաղաքացի Մհեր Ավետիսյանը, 12 միլիոն ԱՄՆ դոլարով «քցել» է մի քաղաքացու, որը բավական լուրջ անձնավորություն է Ռուսաստանի Դաշնությունում:
Հարուցված քրեական գործը քննել է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը, սակայն Կճոյանի սանիկին այնքան լուրջ աջակցություն է ցուցաբերվել վերևներից, որ գործը պարզապես «ջրել» են` ապավինելով այն մտքին, որ «քցված» ներդրողը չի բողոքի, և այս պատմությունը հրապարակային չի դառնա: Ի դեպ՝ Մհեր Ավետիսյանի ախորժակը ուտելուց է բացվել: Մինչ 12 միլիոն ԱՄՆ դոլարին հասնելը, անհասկանալի գործարքի արդյունքում, կորել է ևս մեկ քաղաքացու 8 միլիոն ԱՄՆ դոլար, գրում է «ՉԻ»-ն:
Թերթը հիշեցնում է, որ Մհեր Ավետիսյանը Կճոյանի այն սանիկն է, որն իր քավորին «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա էր նվիրել, որի գինը` կախված մոդելից, տատանվում է 100-ից մինչև հինգ հարյուր հազար եվրոյի միջև:
Մհերն այն անձնավորությունն է, որին հաջողվեց Խանջյան փողոցի երկայնքով ձգվող այգին ոչնչացնել և այնտեղ մեծ ռեստորանային համալիր կառուցել` «Jose» անունով. այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ տժժացող «հոգևորականների»: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Մհեր Ավետիսյանը գործունեություն է ծավալել և ծավալում է Նավասարդ Կճոյանի բարձր հովանու ներքո, իսկ Կճոյանն էլ հովանավորվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: