20.50 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելուց հետո ազատ են արձակել: Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, Epress.am-ին տեղեկացրել է, որ թեև ամուսնուն ազատ արձակեցին, բայց նրա անձնագիրը դեռևս չեն վերադարձրել:
19:10 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ով այսօր առավոտյան տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն, հրաժարվել է ցուցմունք տալուց և առերեսումից, քանի որ առերեսման հրավիրվել են դպրոցի տնօրենն ու մի ուսուցչուհի, ովքեր դպրոցում տեղի ունեցած միջադեպին ներկա չեն եղել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը:
Այս պահին բելգիացու փաստաբանը դեռևս ոստիկանությունում է:
16:25 Այս պահին Մաշտոցի ոստիկանությունում հարցաքննում են բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին: Հարցաքննությանը մասնակցում են Վադեվալեի փաստաբան Արմենուհի Առաքելյանը և արտոնագրված թարգմանիչը:
Նշենք, որ բելգիացի ակտիվիստի գործը գտնվում է նաև Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում: Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք, տեղեկանալով, որ Վադեվալեի առողջական վիճակը վատ է և ոստիկանները շտապ օգնություն չեն կանչում, անմիջապես զանգաահրել են Մաշտոցի ոստիկանություն և պարզաբնում են խնդրել:
Ըստ Կարապետյանցի` ոստիկանությունից պատասխանել են, որ Վադեվալեն առողջական խնդիր չունի: «Հո մենք մեր գլխից ձեռ չենք քաշել, որ մարդը վատ զգա, շտապ օգնություն չկանչենք»,- ոստիկանների խոսքերն է փոխացել Նինա Կարապետյանցը:
15:05 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ում նոյեմբերի 28-ին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, շարունակում է սպասել թարգմանչի:
Այսօր առավոտյան Ձերբակալվածների պահման վայրից նրան դարձյալ տեղափոխել են Մաշտոցի ոստիկանություն՝ հարցաքննության, սակայն քննիչը չի կարողանում հարցաքննել Վադեվալեին թարգմանչի բացակայության պատճառով:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Մաշտոցի ոստիկանության հերթապահ մասում գտնվող Վադեվալեին կարողացել է տեսնել իր կինը` Գայանե Վարդանյանը, ով դուրս գալուց հետո տեղեկացրել է, որ ամուսինն իրեն վատ է զգում. նրա քթից արյուն է հոսում:
Կնոջ խոսքով` նա խնդրել է շտապօգնություն կանչել, սակայն ոստիկաններն արհամարհել են նրա խնդրանքը: Վերջիններս արգելել են նաև Վադեվալեին դեղեր փոխանցել` առաջարկելով դրանք խմել տեղում:
Դրանից հետո Գայանե Վարդանյանը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` տեղեկացնելու կատարվածի մասին: ՄԻՊ-ի գրասենյակից Վարդանյանին փոխանցել են, որ իրենք արդեն այդ մասին հաղորդագրություն ստացել են և այդ հարցով զբաղվում են:
Այս պահին Մաշտոցի ոստիկանության առջև հավաքված են Հայ Ազգային Կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ, որոնք պահանջում են ազատ արձակել Վադեվալեին: