Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում այսօր շարունակվում է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արտագնա դատական նիստը: Երեկ դատարանում իր ցուցմունքը պետք է շարունակեր Արտակի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նա դարձյալ ի վիճակի չի եղել շարունակել ցուցմունքը և խնդրել է, որ դատարանում տուժողի իրավահաջորդի լիազորությունները փոխանցվեն դստերը՝ Ծովինար Նազարյանին:
Ծովինար Նազարյանը ցուցմունքը շարունակելու համար 2 օր ժամանակ է խնդրել: ԴԵատավոր Սամվել Մարդանյանը նախ չի համաձայնել, սակայն տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդությամբ է հանդես եկել, որը դատարանի կողմից բավարարվել է: Նա միջնորդել է փոխել ապացույցների հետազոտման կարգը, և դատարանում վկաների ցուցմունքներից հետո կլսվի նաև տուժողի իրավահաջորդի ցուցմունքը:
Ինչպես դատարանից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, այսօրվա դատական նիստի ժամանակ իր ցուցմունքն է շարունակել գործով անցնող վկա, վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը, որին այսօրվա նիստում բազմաթիվ հարցեր է ուղղել նաև Արտակ Նազարյանի քույրը:
Epress.am-ի հետ զրույցում Ծովինար Նազարյանն ասել է, որ Ուդումյանը նախաքննական ցուցմունքում ուրիշ բան է ասել, հիմա պնդում է, որ հայհոյանք չի եղել իր և Արտակ Նազարյանի միջև, նախաքննական ցուցմունքում խոստովանել էր ի վերջո, որ ինքը անպատվել է Արտակին, Արտակն էլ ի պատասխան իրեն է անպատվել, և դա եղել է հուլիսի 26-ին՝ դեպքի նախորդ օրը: Այսօր Ուդումյանը դարձյալ հերքել է, որ նման բան է եղել:
«Այնքան շատ են հակասությունները, որ ուղղակի խելքից, մտքից դուրս է: Օրինակ, կապտուկը ցույց տալը: Ինքը լրիվ այլ կերպ է նախաքննական ցուցմունքներում նկարագրել, իմ հարցադրումներից երևաց: Ինքը ասել է` Նազարյանը ինձ ասեց, որ Մանուկյանի հետ խնդիր ունեմ, ու պատճառը թևի կապտուկն է: Հետո, իբրև թե, Արտակն ասել է, որ Ադիբեկ Հովհաննիսյանն է արել` կատակով: Ադիբեկ Հովհաննիսյանը այս գործով անցնող ամբաստանյալ է: Ավելի ուշ զանգել է Ուդումյանին և ասել է, որ ընկել է: Աբսուրդ է, ո՞նց կարող է մարդը քեզ գետնատնակ տանի, ասի` արի կապտուկս ցույց տամ, հետո էլ ասի, կատակ էր»,- ասել է Ծովինար Նազարյանը:
Մեկ այլ հարցի հետ կապված էլ Գագիկ Ուդումյանն ասել է, որ այդ մասին իմացել է զինվորական ոստիկանությունից: «Շատ հետաքրքիր է, որ հնարավոր է` զինվորական ոստիկանությունում են ընդհանրապես այս բոլոր վարկածները ու հեքիաթները ծնվել, ու հետո վկաներին մատուցվել, ու վկաներն էլ ներկայացնում են, որպես ճշմարտություն»:
Այս պահին դատական նիստը շարունակվում է: