Ցխինվալիի կենտրոնում, որտեղ անցկացվում է Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածուի համակիրների հանրահավաքը, բախումներ են սկսվել: Հանրապետության կառավարության աշխատակազմից «Ռիա Նովոստի»-ին հայտնել են, որ ավտանգության աշխատակիցները նախազգուշացնող կրակ են արձակել` կառավարության շենք մուտք գործել ցանկացող ցուցարարների փորձերը կանխելու նպատակով: Նախագահի աշխատակազմի աղբյուրը հայտարարել է գործակալությանը, որ վիրավորներ չկան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ցխինվալիի կենտրոնում հավաքվել են նոյեմբերի 27-ին Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրությունների թեկնածու, կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևայի ավելի քան 1000 համակիրներ, որոնք բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու դեմ (ընտրություններում, ըստ իրենց, Ջիոևան հաղթել է կառավարական թեկնածուին): Ակցիան իրականացվում է կառավարական շենքի դիմաց: Մինչ կրակոցները հաղորդվում էր, որ ցուցարարներն իրենց հանգիստ են պահում և միայն վանկարկում են` «Ալլա, Ալլա»:
Կրակոցների դադարից հետո անվտանգության աշխատակիցները թույլ են տվել Ջիոևային մտնել կառավարության շենք:
Նշենք, որ Ալլա Ջիոևան նախագահական ընտրությունների արդյունքում դուրս էր եկել երկրորդ փուլ`դեմ դուրս գալով իշխանությունների թեկնածու Անատոլի Բիբիլովին: Նախնական տվյալների համաձայն` Ջիոևան հաղթում էր:
Սակայն հանրապետության Գերագույն դատարանը, որին դիմել էր Բիբիլովը, չեղյալ էր հայտարարել ընտրության արդյունքները` համաձայնելով առ այն, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել:
Ընդդիմության թեկնածուն դրանից հետո հայտարարել էր, որ ինքն իրեն ընտրված նախագահ է համարում և չի պատրաստվում զիջել իր հաղթանակը: Նա նաև «պետական խորհուրդ» էր ստեղծել իր համախոհների հետ: Հարավային Օսիայիա դատախազությունում այս առնչությամբ Ջիոևային մեղադրել են «գունավոր հեղափոխության» իրականացման փորձի մեջ:
Լուսանկարները` newsgeorgia.ru կայքից