Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության այս տարվա «կոռուպցիայի ընկալման ցուցիչի» համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 129-րդ տեղի` նախորդ տարվա մակարդակից ևս մի քանի հորիզոնական իջնելով:
Հայաստանը 129-րդ տեղը կիսում է Սիրիայի, Ֆիլիպինների, Դոմինիկյան Հանրապետության և Հոնդուրասի հետ:
Հայաստանն այդ աղյուսակում է 2003 թվականից՝ շարունակաբար: Դասակարգման աղյուսակում հայտվելու համար պետք է լինի առավելը երեք աղբյուր, այդ իսկ պատճառով աշխարհի ոչ բոլոր երկրներն են ընդգրկված այս աղյուսակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գլխավոր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Կոռուպցիան չափել հնարավոր չէ՝ ելնելով բացահայտելիության չափից: Սա վերաբերում է բացարձակապես բոլոր երկրներին: Մեր դեպքում կա միջազգային պարտավորություն, որ Հայաստանում ևս ներդնենք այս գործունեությունը, և պետք է անենք ամեն ինչ՝ միջազգային հանրությանը ընկալելի ձևով երևալու համար:
129-րդ տեղը անցյալ տարվա 123-126-րդ տեղերի համամատ Հայաստանի համար ամենացածր տեղն է՝ սկսած 2003 թվականից: Շատ կարևոր է այս աղյուսակում երկրի զբաղեցրած դիրքը, քանի որ այդ փաստը նույպես հաշվի է առնվում, իսկ Հայաստանի համար սա բավական ցածր ցուցանիշ է: 2007-2010 թվականներին դիտվել է դանդաղ, մոնոտոն նվազում, սակայն այս տարի համեմատաբար կայուն վիճակում է», – նշել է նա:
Ինչ վերեբերում է ընտրությունների ժամանակ կոռուպցիայի տարածմանը, ապա, ըստ բանախոսի, «մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է մաքուր ընտրություններից»:
«Եթե Հայաստանում մաքուր ընտրություններ չանցկացնեն, մենք կունենանք համակարգային կոռուպցիա և կարձանագրենք վարչական ձևերի ծաղկման երևույթը: Սրա հետևանքով պետություը դառնում է գործիք՝ տարբեր ֆինանսատնտեսական խմբավորումների նեղ տնտեսական շահերը առաջ տանելու համար», -հայտարարել է Հոկտանյանը:
Transparency International կազմակերպության ցուցակում 183 երկիր է ընդգրկված:
«Կոռուպցիայի ընկալման ցուցիչը» կազմվել է կոռուպցիոն գործունեության տարբեր ձևերի հիման վրա` այդ թվում պաշտոնատար անձանց կաշառքի տրման, պետական պատվերների կատարման ժամանակ եկամուտների բաշխման հարցում պաշտոնյաների մասնակցության, բյուջետային միջոցների անբարեխիղճ օգտագործման վրա: Գնահատվում է նաև կառավարության հակակոռուպցիոն գործունեությունը:
Նախկին Խորհրդային Միության երկրներից, ըստ վարկանշի, առավել կոռումպացված են Ռուսաստանը (143), Բելառուսը, (143), Ուկրաինան (152): Հարևան երկրներից Ադրբեջանը 143-րդ տեղում է: Թուրքիան ու Վրաստանը զբաղեցնում են 61-րդ և 64-րդ տեղերը համապատասխանաբար:
Նշենք, որ ամենա ոչ կոռումպացված երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան: Սյնուհետև գալիս են Դանիան և Ֆինլանդիան: