Սուր միելոբլաստային լեյկոզով տառապող հնգամյա Անուշիկի օգնության համար երկուսուկես ամիս առաջ բացված հաշվեհամարին մինչ օրս տասը հազար դոլլար է փոխանցվել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Անուշիկի հայրը` Սերգեյ Հայրապետյանը:
«Երեխայի փրկության միակ հնարավորությունն այսօր ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումն է, ինչի համար ոչ բավարար գումար ունենք, ոչ էլ հույս, թե Հայաստանում ինչ-որ գործարար կամ մեծահարուստ կգտնվի, ով կօգնի երեխայիս բուժումն արտերկրում կազմակերպելու գործում», – ասել է մեր զրուցակիցը:
Երեքուկես տարեկանում Անուշիկի մոտ հայտնաբերված հիվանդությունը անակնկալ է եղել թե ծնողների, թե հարազատների համար:
«Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժումներ ստանալուց հետո հիվանդությունը նահանջեց, և երեխային տեղափոխեցինք տուն: Պահպանողական փուլի հինգերորդ ամսում հիվանդությունը կրկնվեց, ու մնաց փրկության միակ միջոցը՝ ոսկրածուծի փոխպատվաստում: Գերմանիայում երեխայի փրկության երաշխիքը ութսուն տոկոս է և այն դեպքում, եթե հիմա կատարվի վիրահատությունը», – ասել է Սերգեյ Հայրապետյանը:
Նա պատմել է, որ բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին ու մի շարք մեծահարուստների, սական մինչ օրս որևէ արձագանք չի եղել, մինչդեռ, երեխայի հոր հավաստմամբ, երեխայի վիճակն օրեցօր վատանում է:
«Բոլորին դիմել եմ, նամակներ եմ տարել շատերի տները, բայց որևէ մեկը ցանկություն չի հայտնել օգնել կամ գումար փոխանցել: Ամենախոշոր գումարը փոխանցել է մոսկվայաբնակ Գևորգ Հալաբյանը՝ մոտ հազար դոլլար, և «HSBC» բանկը` վեց հարյուր ութսունչորս հազար դրամ՝ աշխատողների միջև կազմակերպած ակցիայի շրջանակներում: Հայաստանյան «Պոդարի ժիզն» կազմակերպությունը խոստացել է, որ տասը հազար դոլլար կփոխանցի Անուշիկի հաշվեհամարին, գերմանական մի կազմակերպության կողմից էլ նույնքան գումար կփոխանցվի գերմանական այն կլինիկայի հաշվեհամարին, որտեղ կկատարվի երեխայի վիրահատությունը: Փոքր գումարներով օգնություն շատերն են տվել, սակայն բուժման համար մեծ գումարներ են պետք, ինչն այսօր չունենք», – պատմել է Սերգեյ Հայրապետյանը:
Անուշիկի հայրը հավատում է, որ երեխան կարող է փրկվել, միայն թե կարողանա ձեռք բերել անհրաժեշտ գումարը, ինչի հույսը բոլորովին կորցրել է:
«Մինչ օրս թե պետության, թե Առողջապահության նախարարության կողմից որևէ աջակցություն չի եղել: Մեկ տարի յոթ ամիս է, ինչ պառկած ենք հիվանդանոցում, որևէ անգամ անվճար բուժօգնություն երեխան չի ստացել: Վճարում ենք հիվանդանոցում ստացած բոլոր ծառայությունների համար: Բուժման համար դեղերը ստացել ենք Գերմանիայից»,- պատմել է Սերգեյ Հայրապետյանը:
Լուսանկարն ու տեսանյութը` «Չենք լռելու» նախաձեռնության