«Ղ-Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որևէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն չունի, ինչի մասին նա հստակ հայտարարել է բազմիցս: Բացի այդ, նա չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից և ոչ մեկին: Այս մասին հայտնել է ընկերության լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 29-ին «CNews» լրատվամիջոցը հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբրև թե «Ղ-Տելեկոմ» Ընկերության («ՎիվաՍել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, և այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, հոդվածում նշվում է, թե իբր Ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի կողմից հավաքված միջոցները:
«Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» և «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը», և թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ և միանգամայն անընդունելի:
Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը», – ասված է «ՎիվաՍել»-ի տարածած հաղորդագրության մեջ: