Ի ծնե պերինատալ էնցեֆալոպաթիայով տառապող փոքրիկ Իսահակն ու նրա մայրը գրեթե ամեն օր Նոր Խարբերդից Երևան են գալիս հնամաշ շորեր, կոշիկներ, պլաստմասե շշեր, տարատեսակ հնոտիներ, սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր աղբամաններում փնտրելու համար:
«Դեռևս վաղ գարնանից սկսում եմ մտածել ձմռան վառելիքի մասին: Ամբողջ տարվա ընթացքում հավաքում եմ ամեն բան, ինչը հնարավոր է որպես վառելիք օգտագործել: Ապրում ենք աննկարագրելի վատ պայմաններում, օրերով ստիպված ենք լինում առանց հացի ու ջրի մնալ: Վագոն-տնակն էլ անմխիթար վիճակում է: Կտուրը ու պատերը նորոգման կարիք ունեն, սակայն զուրկ լինելով տարրական միջոցներից, ստիպված եմ դիմանալ, – Epress.am-ի հետ զրույցում ասել է Հասմիկ Դավթյանը:
Միայնակ մայրը պատմում է, որ հաշմանդամ որդու հետ գումար է մուրում մայրաքաղաքի սուպերմարկետների տարածքում ու գետնանցումներում:
«Գումար վաստակելու միակ միջոցը մնացել է մուրացիկությունը: Աշխատելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ երեխաս մշտապես հետս է: Մանկապարտեզում ասացին, որ Իսահակը չի կարողնում շփվել մյուս երեխաների հետ և նրան չընդունելու մի շարք պատճառներ բերեցին: Երեխաս ստացիոնար բուժման կարիք ուներ, սակայն հիվանդանոցում մեզ չընդունեցին՝ պատճառաբանելով, որ գումար ու խնամող չունենք», – պատմել է նա:
Չնայած ծայրահեղ թշվառ վիճակին, աղբամաններից սնունդ հայթայթող մայրը որդուն խնամելու համար պատրաստ է ամեն զոհողության: Նրան բազմիցս առաջարկել են որդուն մանկատուն հանձնել և ազատվել այդ «ծանր բեռից»:
«Երբևէ չեմ մտածել երեխայից ազատվելու մասին, նման բան չի կարող լինել: Միակ հույսս այն է, որ կգտնվի որևէ մեկը, ով ցանկություն կունենա ինչ-որ կերպ օգնել մեզ: