Վերջին ամսվա ընթացքում «Ժառանգություն» կուսակցության կողմից շրջանառության մեջ դրված «Գաղտնազերծման մասին» օրինագիծը «Արմենպրես» գործակալության հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ համաձայն «Ժառանգության» առաջարկի, այն անձինք, ովքեր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը համագործակցել են ԿԳԲ-ի հետ կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, պետք է գաղտնազերծվեն:
«Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի և հետևապես` պետության համար:
Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` հետխորհրդային մի քանի հանրապետություններ նմանատիպ քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ դա չարժանացավ հասարակության լայն խավերի հավանությանը և ժամանակին կասեցվեց:
Այստեղ պետք է նշել այն փաստը, որ ոչ մի հատուկ ծառայություն չի գործում և չի կարող գործել առանց գործակալական ցանցի, և նույնիսկ նախկինում համագործակցած գործակալների բացահայտման նախադեպը զգալի հարված կհասցնի անվտանգության ողջ համակարգին:
Հիմա մի քանի խոսք գործակալների մասին: Նրանց ճնշող մեծամասնությունը և խորհրդային ժամանակաշրջանում և այժմ պարկեշտ, հայրենասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված անձնավորություններ են:
Արժե նշել, որ, ելնելով երկրի զարգացման արդի իրողությունից, անկախ պետականության գոյությունից, հիմնովին վերաիմաստավորվել է ծառայության կողմից լուծվող քաղաքացու, հասարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված խնդիրները:
Վերջին տարիներին Հայաստանի տարածքում արտասահմանյան լրտեսների բացահայտման հիմնական վաստակը անվտանգության ծառայության հետ համագործակցող անձնավորություներինն է, որոնց մասին կոնկրետ տեղեկությունները համաձայն ՀՀ օրենքի հանդիսանում են պետական գաղտնիք:
Կարծում եմ, որ «Գաղտնազերծման մասին» օրենքը ոչ հիմա ոչ էլ ապագայում չի ընդունվի: Անկախ բոլոր քաղաքական ելևէջներից մեր հայրենակիցները ամեն ինչից վեր կդասեն Հայրենիքի անվտանգությունը», – հայտարարել է Գորիկ Հակոբյանը: