«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մտահոգություն է հայտնել հայաստանյան հեռուստաալիքներով շրջանառվող հեռուստասերիալների հանդեպ:
Կոալիցիայի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ, հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստատեսությունով շրջանառվող սերիալներն ունեն բավական մեծ լսարան, իսկ այդ սերիալները դիտողներից շատերը ցանկանում են նմանվել այս կամ այն հերոսին, պահի հրամայական է դարձել անդրադառնալ դրանց բովանդակությանն ու սին գաղափարախոսությանը:
«Ներկայիս հեռուստասերիալները ողողված են բռնություններով, բռնությունը քարոզող դրվագներով ու արտահայտություններով, և բռնության այդ դրսևորումները հիմնականում կիրառվում են կանանց և աղջիկների հանդեպ: Գրեթե բոլոր սերիալներում կնոջ իրավունքները ոտնահարված են, հայ կնոջ կերպարը` ծայրահեղ ցածրացած: Կնոջը ծեծելը, հրապարակայնորեն նվաստացնելը և հայհոյելը դարձել են հայկական հեռուստասերիալների անբաժան ուղեկիցը` դիտող ընտանիքների ներսում նույնատիպ պահվածքը և վարվելակերպը դարձնելով սովորական, չդատապարտվող երևույթ», – նշում են հայտարարության հեղինակները:
Կոալիցիան նշում է, որ իր մտահոգությունների մասին տեղեկացրել է պաշտոնական նամակով Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային հանձնաժողովին, որի Լիցենզավորման և մեթոդական վարչության իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետից պատասխան է ստացել, որ «2010թ. հունիս 28-ին ուժի մեջ է մտել «Հեռուստատեսությանև ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ հոդվածի համաձայն` էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում ենօրենքով: Համապատասխան օրենքը դեռևս չի ընդունվել, և այդ օրենքը ընդունելուց և ուժի մեջ մտնելուց հետո միայն Հանձնաժողովի կիրականացնի իր վերահսկողական գործառույթները»:
Իր հայտարարության մեջ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է արել բոլոր հեռուստաընկերություններին և պատկան մարմիններին լուրջ մոտենալ խնդրին և ձեռնարկել համապատասխան քայլեր հեռուստասերիալներում տեղ գտած բռնության երևույթների վերացման ուղղությամբ: