Երկրաշարժն այն բնական աղետն է, որը կանխատեսել հնարավոր չէ, սակայն փորձել կանխագուշակել և համալիր միջոցառումներ գործածել՝ խուսափելու համար մարդկային և նյութական կորուստներից՝ հնարավոր է: Տարածաշրջանի սեյսմակայունության խնդիրն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քննարկել են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը և ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Երկրաշարժագիտության ճյուղ հանդիսացող «սեյսմիկ շրջանացման» հիմնական նպատակներից է տալ ստույգ գնահատականներ սեյսմիկ մաքսիմալ հնարավոր վտանգի մասին՝ ցանակացած վայրում շինարարական աշխատանքներ սկսելուց առաջ, սակայն ցավով պիտի նշեմ որ, մայրաքաղաքում շենքերի խտությունն այնպիսի ահռելի չափերի է հասել, որ որևէ կանոն հաշվի չի առնվում », -նշել է սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը:
Աշխեն Թովմասյանը գտնում է, որ երկրաշարժերից պաշտպանվելը պետք է դառնա համաժողովրդական խնդիր:
«Ճապոնիայի երկրաշարժի ընթացքում արված տեսանյութերում պարզ երևում է, որ անգամ այն դեպքում, երբ շենքը ճոճվում է, մարդիկ դուրս փախնելու փոխարեն աշխատում են պահպանել հանգստությունն ու նույնիսկ հասցնում են հավաքել գետնին թափվող իրերը: Իսկ մեզ մոտ դեռևս չկա այդ վարքականոնը. մեր պարագայում դեռ շատ անելիքներ կան: Հաշվի առնելով 1988-ի երկրաշարժի հետևանքներն ու կրած կորուստները, սկսած 1991 թվականից, միջազգային փորձը ուսումնասիրելու արդյունքում հնարավորություն ենք ստացել սովորեցնել մարդկանց պաշտպանվել երկրաշարժերից: Ցավոք սրտի, ուսուցման ադյունավետությունն ու էֆեկտիվությունը պարզ են դառնում միայն ուժեղ երկրաշարժերից հետո: Միայն այս դեպքում են ի հայտ գալիս բացթողումները», – ասել է Աշխեն Թովմասյանը:
Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ տարածաշրջանի ամենաակտիվ գոտում գտնվելը քաղաքաշինական նորմերի պահպանման նկատմամբ շատ մեծ ուշադրություն է պահանջում:
Ի տարբերության Ճապոնիայի, Հայաստանյան շենքերը մահաբեր են, և շենքից ժամանակին դուրս գալը չի ենթադրում, որ մարդն իրեն կարող է փրկված համարել:
«Երևանը գտնվում է երկու սեյսմակայուն գոտիներում՝ Գառնու և Արարատի: Գիտակցելով վտանգավորության աստիճանն շարունակում ենք անհարկի խտության վրա կառուցել շենքեր, որտեղ տարբեր արտակարգ իրավիճակների համար նախատեսված հարթակներ չեն թողնվում ՝ մարդկանց տարհանելու համար: Ուստի, Ճապոնիայի հետ համեմատելիս պետք է հաշվի առնենք այն փաստը, որ փլուզվելիս նրանց շենքերի կոնստրուկցիաները պահպանվում են, իսկ մեր շենքերի պարագայում պատկերն այլ է, եթե անգամ շենքը չփլուզվի, ապա շենքից պոկված քարերն հաստատ ավելի մեծ վնասներ կարող են հասցնել մարդկանց, քան բուն երկրաշարժը», – ասել է Մինասյանը:
Բանախոսները համոզված են, որ քանի դեռ քաղաքաշինությունը չի ապահովում օրենքով սահմանված պայմանները, ցանկացած երկրաշարժի պարագայում ունենալու ենք հսկայական կորուստներ: