Նոյեմբերի 24-ից մինչև 30-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ 164 երկրաշարժ է գրանցվել, որից 156-ը` Թուրքիայի արևելքում` Վան քաղաքի շրջանում: Նոյեմբերի 24-ին 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, Ալաշկերտ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք, որին նույն էպիկենտրոնային գոտում մեկ ժամվա ընթացքում հաջորդել է 2 ստորգետնյա ցնցում` 3-4 և 3 բալ ուժգնությամբ: Նույն օրը Թուրքիայի Իգդիր քաղաքից 16 կմ հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Նոյեմբերի 24-ին և 25-ին 3-4 բալ ուժգնությամբ 2 սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ադրբեջանի տարածքում, առաջինը Նախիջևան քաղաքից 23 կմ արևելք, երկրորդը Շամխոր քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք: Նոյեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից 30 կմ հյուսիս-արևմուտք և Ադրբեջանի Շամխոր քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք տեղի են ունեցել 3 բալանոց ստորգետնյա ցնցումներ:
Պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը Թուրքիայի արևելյան հատվածում: Անցած շաբաթ գրանցվել է 156 հետցնցում, որից մեկը` 7 բալ ուժգնությամբ (5.0 մագնիտուդ): Երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Վան քաղաքից 3 կմ հյուսիս: Ստորգետնյա տատանումները դարձյալ խուճապ են առաջացրել բնակչության մոտ: