ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ով նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեղադրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին 2006 թվականին «Նաիրիտ» գործարանի վաճառքի գործարքն իրականացնելու ժամանակ 31 միլիոն դոլար յուրացման մեջ, այսօր մամուլի ասուլիսի ընթացքում իր կողմից գրված փաստաթուղթ է ներկայացրել, որը վարչապետին ուղղված հարցերի շարք է պարունակում:
«2009 թվականի մարտ ամսին` այսինքն գործարանի պայթյունից օրեր առաջ «Նաիրիտ» գործարանի հաշվեհամարից 35 մլն դոլար է փոխանցվել մի շարք կազմակերպությունների, որից 22 միլիոն դոլարը գնացել է դանիական ինչ-որ ֆինանսական խմբի, 8 միլիոն դոլարը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ի հաշիվներին, իսկ 60 մլն դրամ հատկացվել է ոմն Անդրանիկ Հովհաննիսյանին: Մնացած մոտ 5 միլիոնով էլ մարվել է աշխատավարձի և այլ արտադրական պարտքերը :
Հարց 1. Որտեղից գոյացավ այդ գումարը «Նաիրիտի» հաշվին:
Հարց 2. Ինչու 35 մլն դոլարից ընդամենը 150 000 դոլար չներդրվեց պայթյունավտանգ արտադրամասը վերազինելու և երեք մահացած աշխատակիցների համար տեխնիկապես անվտանգ դարձնելու համար:
Իմ ուսումանսիրությունները պարզեցին, որ «Նաիրիտ» գործարանը պարտք է «Երևան ՋԷԿ» ընկերությանը շուրջ 7 միլիարդ դրամ: Այդ պարտքը ձևավորվել է 2007 թվականից մինչև 2010 թվականի մարտ ամիսը, երբ գործարանը վերջնականապես կանգ առավ: Բայց «Երևան ՋԷԿ»-ը «Հայռուսգազարդ» ընկերությանը սպառված գազի գնի դիմաց պարքտ չունի:
Հարց 1.
Արդյո՞ք 100 տոկոս պետական բաժնեմասով «Երևան ՋԷԿ» ընկերությունը անտոկոս ու անժամկետ վարկ է տրամադրել «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» օֆշորային մասնավոր ընկերությանը պատկանող «Նաիրիտ» գործարանին, իսկ «Երևան ՋԷԿ»-ը վարկերի միջոցով (տարեկան 12 տոկոսով) մարել է սպառած գազի դիմաց իր պարտավորությունները «Հայռուսգազարդ»-ի հանդեպ:
Հարց 2. Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մասնավոր օֆշորային «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերության համար, որն այսօր հանդիսանում է «Նաիրիտ» գործարանի սեփականատեր և իր միջոցներից առանձնակի ներդրումներ չի կատարել հայկական տնտեսության մեջ, ՀՀ կառավարության «սիրտն» ավելի է ցավում, քան ժողովրդի սեփականություն հանդիսացող «Երևան ՋԷԿ» պետական ձեռնարկության համար :
Հարց 3. Ինչո՞ւ է պետական ձեռնարկություն հանդիսացող «Երևան ՋԷԿ»-ի ֆինանսական միջոցների հաշվին մարվել վերջին ամիսների «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը: Այդ միջոցներից որքան աշխատավարձ է ստացել «Նաիրիտ» գործարանի փոխտնօրեն ձեր եղբայրը», – ասված է հայտարարության մեջ:
Առաքելյանը նաև ասել է, որ այս հարցերը այսօր ներկայացնելու է իր գործը քննող քննիչին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Առաքելյանը ևս մեկ փաստաթուղթ էր ներկայարցել, որում, մասնավորապես,ասված էր.
«2006 թվականին, երբ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահ էր, «Նաիրիտ» գործարանի պետական սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի իրականացրած առք ու վաճառքի փոխարեն իրականում տեղի է ունեցել «Նաիրիտ» գործարանի պետական գույք հանդիսացող բաժնետոմսերի 90 տոկոսի նվիրատվություն օֆշորային գոտում գրանցված, քիմիայի ոլորտում պատմություն չունեցող անհայտ «Օտֆորդ մարկետինգ» կազմակերպության 20 հազար ֆունտ հիմնադիր կապիտալ ունեցող «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» ընկերությանը, որի սեփականատերերը մինչ օրս անհայտ են հանրությանը»:
Հայտարարությունից հետո վարչապետը դիմել էր դատախազություն` խնդրելով քննել մեղադրանքների իսկությունը: