Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավական լարված հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը`հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին:
Թերթի աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան`Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, և որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները:
Ծառուկյանը նշել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչին Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել: Թերթի տեղեկություններով, հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ Ազգային Կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը: