Սեպտեմբերի 6-ին Արարատ քաղաքում սեփական երեխաներին խեղդամահ արած մայրը՝ Ռոզա Ալոյանը, շարունակում է հարկադիր բուժում ստանալ «Նուբարաշեն» հոգեբուժարանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի դատահոգեբուժական բաժանմունքի վարիչ Աիդա Ղահրամանյանը:
«Կա դատահոգեբուժական փորձաքննության մանրամասն եզրակացություն, ըստ որի Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիայով: Քանի որ երեխաներին խեղդամահ է արել ցնորազառանցանքային ապրումների տակ, ուստի ճանաչվել է անմեղսունակ և այժմ բուժման կուրսը շարունակվում է հոգեբուժարանի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում», -նշել է բժիշկը:
Հոկտեմբերի 21-ին «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկա տեղափոխված Ռոզա Ալոյանը, նույն կլինիկայի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Վիոլետտա Սարգսյանի փոխանցմամբ, այժմ գտնվում է բժիշկների անմիջական հսկողության տակ:
«Չեմ կարող, ասել թե Ռոզան տխուր է ու մտահոգ, ավելի կոնկրետ՝ մտքերի մեջ է ու ինքնամփոփ: Ընդհանուր առմամբ խելոք է, ու դա էլ պայմանավորված է նրանով, որ դեռ չի գիտակցում սեփական արարքի ողջ դաժանությունը: Տասը տարուց ավել է, ինչ աշխատանքի բերումով շփվում եմ տարատեսակ հիվանդություններով տառապող մարդկանց հետ, սակայն երբևէ չեմ ունեցել այն զգացողությունները, ինչ ունեցա այս դեպքի հետ կապված», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վիոլետտա Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով` այս դեպքն այնպիսի սարսափելի ազդեցություն է ունեցել, որ երեք օր շարունակ ինքը փորձել է տրամադրվել՝ փորձաքննության գործերը կարդալու համար:
«Ռոզան շատ դաժան կյանք է ունեցել. հայրը սպանել մորը, ինչի հետևանքով իրեն տեղափոխել են մանկատուն: Հետագայում նա բնակարան է ստացել, ամուսնացել է ու ապրել քաղաքացիական ամուսնության մեջ: Չնայած նրան, որ մասնագիտությամբ բուժքույր է և կիրթ է շփումներում, այնուամենայնիվ, հարևաննների հավաստմամբ, որևէ մեկի հետ մտերմություն չի արել: Ապրել է երկու երեխաների հետ և միայնակ հոգացել նրանց խնդիրները: Ելնելով վերը թվարկածից` կարող եմ ասել, որ դժվարին կենսակերպն իր անմիջական ազդեցությունն է ունեցել նրա հոգեկան աշխարհի վրա, ինչի հետևանքն էլ արդեն ունենք», – նշել է Սարգսյանը:
Բժշկուհին դժվարանում է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի Ռոզա Ալոյանի բուժման համար և հետագայում ինչպիսին կլինեն փոփոխությունները:
«Մինչ այժմ ունեցել ենք հիվանդներ, ովքեր գիտակցել են իրենց արարքն ու ասել են՝ ինչ արեցի: Այս պարագայում պատկերն այլ է. դեպքի մասին Ռոզան իր պատճառաբանություններն ու արդարացումներն ունի: Նրա պնդմամբ` այդ քայլին իրեն «հորդորել են» գնալ սպիտակ մորուքներով բարի մարդիկ:Սրբերի դեմքով մարդիկ իրեն պատվիրել են սպանել երեխաներին, այլապես դա կանեին ուրիշները՝ կտրտելով նրանց: Ռոզան մինչ օրս տեսնում է այդ «սուրբ մարդկանց», ովքեր պարբերաբար այցի են գալիս իրեն: Այդ ընթացքում նա ճիչեր է արձակում, սկսում է բարձրաձայն զրուցել տեսիլքների հետ», – պատմել է Վիոլետտա Սարգսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ մինչ այժմ Ռոզային այցելել է երկու քույրերից միայն մեկը, ով անգամ բժշկի սենյակ բարձրանալ չի ցանկացել:
«Ռոզան դեռ երկար կմնա հոգեբուժարանում, կստանա համապատասխան բուժումները, իսկ դրանց ավարտից հետո պարզ կլինի, որքանով է ապաքաինվել նա: Առայժմ աշխատում ենք անել հնարավոր ամեն բան՝ Ռոզային սթրեսներից հեռու պահելու համար: Միակ բանն, ինչի համար զղջացել է նա, այն է, որ իրեն արգելել են մասնակցել երեխաների թաղման արարողությանը», – ավելացրել է Սարգսյանը:
Վիոլետտա Սարգսյանի խոսքով՝ առավել դժվար ու վտանգավոր կլինի այն ժամանակ, երբ Ռոզան հասկանա, թե ինչ է կատարվել իրականում.
«Անգամ սարսափում եմ պատկերացնել , թե ինչ կկատարվի նրա հետ, երբ սկսի գիտակցել իր արարքը: Քայլերը կարող են անկանխատեսելի լինել»:
Հարցին, թե նախկինում Ռ.Ալոյանի մոտ հոգեկան շեղումներ նկատվել են, Վ. Սարգսյանը պատասխանել է:
«Ռոզա Ալոյանի հարազատ քույրերից մեկը փորձել է նրան տեղավորել Նորքի հոգեբուժական կլինիկայում, սակայն մյուս քույրը մի քանի օր անց դուրս է գրել հոգեբուժարանից: Հաշվի առնելով հայակական մենթալիտետը, ըստ որի հոգեկան և սեռական հիվանդությունները պետք է թաքցնել, քույրն, ըստ երևույթին, ուղղորդվել է այս մտածելակերպով: Ժամանակին հիվանդության կանխարգելումն ու ճիշտ բուժումը կնպաստեին, որ այսօր այս զարհուրելի դեպքը տեղի չունենար», -եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Ալոյանը սավանով խեղդամահ էր արել իր երկու երեխաներին`6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին: Նա խոհանոցում ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է ավագ որդու վզից և կախել: Երեխան 10 րոպե հետո շունչը փչել է: Երկու ժամ թողել է կախված վիճակում: Փոքր որդին մորը խնդրել է` «Մամ, ինձ ապերիկի նման չես անելու չէ՞»: Մայրն ասել է` չէ, բալես, մի’ վախեցիր: Սակայն Հայկին էլ է նույն ձևով կախել:
Երկուսին իջեցնելով, դրել է կողք-կողքի`մահճակալին, որից հետո, փակելով դուռը, գնացել է: Հեռանալուց առաջ բացել է մանկական Աստվածաշնչի «Քրիստոսն օրհնում է երեխաներին» էջը:
Ըստ շրջանառվող լուրերի` Ռոզա Ալոյանն անդամակցել է աղանդներից մեկին, սակայն բժշկուհու փոխանցմամբ, նա որևէ աղանդի հետ երբևէ կապված չի եղել: