Այսօր 14:30-ին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ Ազագային ժողովի նոր նախագահի անունը:
102 կողմ, 4 դեմ ձայներով Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:
«Ժառանգության» կուսակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին են քվեարկել 4 պատգամավոր, դեմ` 102:
Ինչպես և սպասվում էր, Նիկոյանի ընտրությունները ձևական բնույթ կրեցին, քանի որ Հանրապետական կուսակցությունը ճնշող մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում:
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա էին «Ժառանգության» 4 պատգամավորներ` Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը: «Ժառանգությունից» բացակայում էին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը:
Ընտրության արդյունքների հայտարարությունից հետո Սամվել Նիկոյանը Լարիսա Ալավերդյանին ծաղկեփունջ նվիրեց, և իր առաջին որոշումը ստորագրեց, որի համաձայն այսօր, ժամը 18:30-ին պետք է գումարվի արտահերթ նիստ, որի ընթացքում կընտրեն Ազգային ժողովի նախագահի տեղակալին: Նշենք, որ այդ ընտրություններն էլ ձևական բնույթ են կրելու, քանի որ ՀՀԿ-ն այդ պաշտոնում արդեն իսկ առաջադրել է Էդուարդ Շարմազանովին: