Facebook սոցիալական ցանցում երեկ Անուշիկ Ավետյանը «Ես դեմ եմ քաղաքի մի մաս դարձած «Փարիզյան» սրճարանի ապամոնտաժմանը» խումբ է ստեղծել, որին այս պահին միացել է 434 օգտատեր:
Շաբաթ օրը Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել էին Աբովյան փողոցում գործող «Փարզիյան սուրճ» սրճարան և ասել, որ քաղաքապետի որոշմամբ սրճարանի բացօթյա հատվածը պետք է քանդեն, և եթե դա չանեն սրճարանի աշխատողները, ապա դա կանեն իրենք: Նույն օրը սրճարանի աշխատակիցները ապամոնտաժեցին այն, սակայն դա առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը:
««Փարիզյան սուրճը» Երևան քաղաքին քաղաքային մշակույթ հաղորդող եզակի սրճարաններից է, և չի կարելի այն ապամոնտաժել: Դա ոչ թե մանրավաճառի կրպակ է և ոչ էլ ռաբիզ երաժշտություն ու հրավառություններ կրակող օբյեկտ: Եթե իրոք քաղաքապետարանը նման որոշում է կայացրել, ապա դա ծայրահեղ սխալ ու չմտածված որոշում է: Սկսեք ավելի լավ է Օղակաձև զբոսայգու և Նոր Նորքի ճանապարհի, Հրազդան ձորի անճոռնի շինությունների ապամոնտաժումից», – գրել է Անուշիկ Ավետյանը:
Սրճարանի հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին իրենց սրճարանում ստորագրահավաք է ընթանում:
«Ես երեկ գնացել եմ քաղաքապետարան, և դիմել եմ, որպեսզի քաղաքապետն ինձ ընդունի: Թեև այնտեղ թողել եմ իմ տվյալները, բայց նրանցից դեռ ոչ մի լուր չեմ ստացել: Բայց, միևնույն է, ես անպայման հանդիպելու եմ քաղաքապետի հետ»,- ասել է Գործունյանը:
Միևնույն ժամանակ, ֆեյսբուքյան խմբի անդամներից մեկը մեջբերել է «Փարիզյանի» ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի` իրեն ուղղված պատասխանը, համաձայն որի սրճարանն իրականում չի փակվելու:
«Փարիզյան» սրճարանը չեն ապամոնտաժում, ուղղակի «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը բացօթյա սրճարանը միայն ամռանը շահագործելու թույլտվություն ունի, և նրան խնդրել են, որպեսզի ապամոնտաժի պոլիէթիլենային ծածկերը։ Սրճարանի փակման մասին խոսք չկա», – Տարոն Մարգարյանի պատասխանն է մեջբերում Մեսրոպ Ասատուրյան օգտատերը: