Հայտնի ռուսաստանցի գրող Բորիս Ակունինն իր բլոգում գրում է, որ իրեն «դուր են եկել» դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները:
««Եդինայա Ռոսիան» անգամ պաշտոնական տվյալներով, ի տարբերություն 2007 թվականի, 12 մլն քվե քիչ է հավաքել, իսկ «անամոթ խարդախությունները մեծապես նպաստեցին նորմալ քաղաքացիական հասարակության կողմնակիցների շարքերի համալրմանը», – գրում է Ակունինը
«Գլխավոր կրկեսը դեռ առջևում է, – կարծում է գրողը, – այժմ թատերաբեմ դուրս կգա ցմահ իշխանության թեկնածուն: Բոլոր հոտած լոլիկները կնետվեն, ոչ թե թատերականացված կուսակցության, այլ անձամբ նրա` հարազատ, սիրելիի ուղղությամբ: Երեք ամիս շարունակ պուտինյան շրջապատի հիմար քծնվողները ազգի մոտ սրտխառնոց կառաջացնեն իրենց քարոզչությամբ: Իսկ այդ ամենի համար խեղճը միայնակ ստիպված կլինի վճարել:
Նա կպտտվի երկրով մեկ, կհանդիպի ընտրողներին: Սուլեք նրա հասցեին, նա դա սիրում է: Եվ նախանձեք մոսկվացիներին: Մենք հիանալի հնարավորություն ունենք ողջ ուժով ազդանշան տալ, երբ ազգային առաջնորդը սլանա կաթվածահար եղած մեքենաների հոսքի կողքով: «Պիպ-պիբ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Լսում ե՞ք մեր ձայները: Եվ թող հետո մամլո քարտուղարը բացատրի, որ դա ազգային հրճվանքի ձայներն էին»:
Ակունինը նաև կանխատեսել է Պուտինի ապագան, ինչի համար, ըստ նրա, «հարկավոր չէ Նոստրադամուս լինել»:
«Անխուսափելիորեն մի իրավիճակ է ստեղծվում, երբ ներքևներն այլևս չեն ուզում, վերևները վերջնականապես քայքայվել են, իսկ փողերը վերջացել են: Լավով հեռանալու համար արդեն ուշ կլինի, և դուք կհրամայեք կրակել, և արյուն կթափվի: Բայց ձեզ ամեն դեպքում գահընկեց կանեն: Ես ձեզ Մուամար Քադաֆիի ճակատագիրը չեմ ցանկանում, անկեղծ: Լավ կլիներ «թռնեիք», քանի ժամանակ կա, հը՞: Հարմար պատրվակ միշտ էլ կգտնվի: Առողջական խնդիրներ, ընտանեկան հարցեր, հրեշտակապետի հայտնություն: Իշխանությունը փոխանցեիք ձեր իրավահաջորդին (դե դուք ուրիշ կերպ չեք կարողանում), իսկ նա էլ կհոգար Ձեր հանգիստ ծերության մասին», – գրում է Ակունինը: