2009 թվականի նոյեմբերի 10-ին մահացած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը` Լամարա Մանուկյանը, մեկ ամիս առաջ դիմել է ՀՀ պաշտապնության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով վերաբացել իր որդու գործը և այն ճիշտ ուղով տանել: Համաձայն պաշտոնական վարկածի` Սերգեյ Մանուկյանն ինքնասպան է եղել, սակայն մայրը համոզված է, որ իր որդուն սպանել են:
Նախարարը Լամարա Մանուկյանին խորհուրդ է տվել այդ հարցով դիմել զինվորական դատախազին, ինչն էլ արվել էր մոր կողմից, որից հետո նոյեմբերի 30-ին ծնողը նամակ է ստացել, որ գործով նախաքննությունը վերսկսվել էր:
Չնայած դրան, Epress.am-ի հետ զրույցում Լամարա Մանուկյանը մտավախություն է հայտնել, որ քննչական մարմինները դարձյալ կհանգեն նույն կետին:
Նշենք, որ այս գործով ձերբակալվել և 6 ու 7 տարվա ազատազրկման են դատապարտվել Սիսիանի Նորավան գյուզում տեղակայված 20/66 զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանը և դասակի հրամանտար Վահագն Գասպարյանը, ովքեր մեղավոր են ճանաչվել զինվորին ինքնասպանության դրդելու մեջ:
Լամարա Մանուկյանն ասել է, որ նրանք պետք է ավելի մեծ պատիժ ստանային: Խոսելով դեպքի մասին` նա նշել է, որ երբ իր տղային սպանված բերել են տուն, իրենց այցելել է քննիչն ու մի փոխգնդապետ` տեղեկացնելով, որ իր որդին ինքնասպան է եղել: Նրանք առաջարկել են ստորագրել ինքնասպանությունը փաստող թղթի տակ: Սկզբում Լամարա Մանուկյանը չի համաձայնել դա անել, բայց նրան վստահեցրել են, որ դատարանում ամեն ինչ կպարզվի, և կինը ստորագրել է:
«Ես ոչ մի անգամ դատարանի դուռը չէի եղել, մենակ կինոներում էի տեսել դատ: Բայց սա դատարան չէր, մի թատրոն էր, մի շոու էր: Էդ Գորիսի դատավորն էլ մի խուլիգանի մեկն էր` Համլետ Դավթյանը: Գործում ներգրավված էր ընդամենը մի վկա` Գոռ Մոմչյան, ով իր նախաքննական ցուցմուքնում նշել է, որ դիքերից ինքը տեսել է, թե ինչպես է զորամասի հրամանատարը ապտակել Սերգեյին և հահոյել նրան, ապտակած տեղից արյուն է հոսել, ու Սերգեյը դեմքից եկած արյունը քսել է մոտակա խողովակին: Հրամանատարը, ով գազանի պես էր մեքենան քշում, Սերգեյին ապտակել ու հայհոյել էր նրա համար, որ նա մի փոքր ուշ է բացել զորամասի դարպասները: Դատարանում, սակայն, Գոռն ասել էր, որ ոչ մի բան չի հիշում, իսկ երբ ես ասացի` նման բանն ամբողջ կյանքում դու չես կարող մոռանալ, Գոռը պատասխանեց, որ` ինչ կա, գրել է: Եվ դա ինձ համար արդեն բավական էր»,- ասել է Լամարա Մանուկյանը:
Նա նաև հաղորդել է Epress.am-ի թղթակցին, որ իր հավաքած տեղեկությունների համաձայն, դասակի հրամանատարն էլ սովորություն է ունեցել ոտքով հարվածելու զինվորների սրունքներին:
Լամարա Մանուկյանի խոսքով` իր որդին ձախլիկ է եղել, մինչդեռ ինքնասպանության վերաբերյալ փաստաթղթում գրել են, որ նա ավտոմատով բերանի մեջ է կրակել աջ ձեռքով: Բացի դա, իր տղայի մարմնի տարբեր հատվածներում եղել են բազմաթիվ այլ վնասվածքներ, ինչն էլ մորը ստիպում է մտածել, որ որդուն սպանել են:
«Ամենաահավոր չաստն է, դա մի համակենտրոնացման գաղութ է: Մեր դաստիարակված, շնորհքով երեխեքը տնից մեկ էլ ընկնում են գողական աշխարհ», – ասել է տիկին Լամարան:
Նա նաև պատմել է, որ դատից հետո Ասատրյանի կինը դատարանի բակում բղավել է, թե «մի քնձռոտ զինվորի պատճառով ամուսնուս դատեցին»:
Երբ տիկին Լամարան հակադարձել է Ասատրյանի կնոջը, նա փոխել է խոսքը` պնդելով, որ ինքն ասել է, թե «մի քնձռոտ զինվորի ցուցմուքնով ամուսնուն դատեցին»:
Սակայն Վերաքննիչ դատարանի դատական նիստից հետո նույն կինը Լամարա Մանուկյանին բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ասել է. «Լավ ենք արել տղայիդ»: