Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և ռուսաստանյան «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Life Sports կայքի տեղեկատվության համաձայն` Մովսիսյանի ներկայացուցիչների հետ անձամբ հանդիպել է ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները և քննարկել է ԲԿՄԱ նրա հնարավոր տեղափոխման մանրամասները:
«Բանակայիններն այս պահին ակտիվորեն հարձակվող են փնտրում, – Life Sports-ին պատմել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը: – Մոտ ապագայում թիմը լքելու է առաջատար հարձակվող Վագներ Լավը, ևս մեկ հարձակվող Տոմաշ Նեցիդը վնասվածք է ստացել, և հայտնի չէ` երբ կապաքինվի: Այդ իսկ պատճառով հարձակվող գնելն առաջնային խնդիր է ԲԿՄԱ-ի համար: Եվգենի Գիներն անձամբ մասնակցում է նոր ֆուտբոլիստի ընտրությանը: Մովսիսյանը այս մրցաշրջանում փայլուն է հանդես եկել «Կրասնոդարի» կազմում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում, որից հետո էլ ԲԿՄԱ-ն սկսել է հետաքրքրվել խաղացողով: Եվգենի Գիները բանակցություններ է անցկացրել ֆուտնոլիստի գործակալի հետ»:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Կրասնոդար» է տեղափոխվել դանիական «Ռանդերսից» այս տարվա սկզբին: Իր ակումբի կազմում անցկացրել է 26 խաղ և խփել է 8 գնդակ: Եվրո-2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ` դառնալով 4 գոլի հեղինակ: