Այսօր՝ ժամը 17:00-ին, Epress.am-ի խմբագրություն են զանգել մի խումբ բնակիչներ և տեղեկացրել, որ Էջմիածին քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել: Նրանց պնդմամբ՝ իրենք ուժգին ցնցումներ են զգացել:
Epress.am-ի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության բաժնի պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը նշել է, որ Հայաստանի տարածքում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, 17:00-ի դրությամբ երկրաշարժ չի գրանցվել:
«Շատ հաճախ բնակիչների մոտ երկրաշարժի տպավորություն են ստեղծում շրջակայքում կատարվող շինարարական աշխատանքները և շինհրապարակներում իրականացվող պայթյունները: Շինտեխնիկայի առաջացրած աղմուկից շփոթություն, անհանգստություն է առաջանում մարդկանց շրջանում: Արդյունքում խուճապ է սկսվում, ու քաղաքացիները ահազանգում են մեզ:Կարող եմ հստակ ասել, որ այս պահի դրությամբ բոլոր սարքերն աշխատում են, և Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցվել», – ասել է Աշխեն Թովմասյանը: