ՌԴ Պետդումայի ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված 95 դիտորդներից երկուսը ներկայացնում էին Հայաստանը՝ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը և Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգությունից»:
Արտակ Դավթյանի պնդմամբ` իրենց այցելած տասներկու տեղամասերում էական խախտումներ չեն արձանագրվել:
«Այցելելությունների ընթացքում յուրաքանչյուր տեղմասում անցկացնելով 30-40 րոպե, բնականաբար, առաջին հարցն ուղղում էինք դիտորդական առաքելություն իրականացնողներին և հատկապես ընդդիմություն ներկայացնող կուսակցության անդամներին: Նրանցից որևէ մեկը էական խախտումներ նշված տեղամասերում չներկայացրեց»,- նշել է նա:
ՀՀԿ-ական պատգամավորը նշել է ընտրություններում արձանագրված հիմնական խախտումները:
«Առաջինը՝ իրենցից սեղան ներկայացնող քվեախցիկներն էին՝ բաժանված չորս մասի, և, դատելով սեղանի կառուցվածքից, արդեն պարզ էր, որ ընտրության գաղտնիությունն ապահովված չէր կարող լինել:
Երկրորդն այն է, որ քվեատուփերն ու քվեախցիկներն իրար բավական մոտ էին տեղադրված, և երրորդը, պետք է նշեմ, որ ոչ բոլոր ընտրատեղամասերում էին տեղյակ իրենց պարտավորությունների մասին: Որոշակի ընտրատեղամասերում՝ սկսած հանձնաժողովի նախագահներից մեզանից պահանջում էին մեր՝ գործուղման համար անհրաժեշտ փաստաթղթերը, և թույլ չէին տալիս մուտք գործել տեղամաս:
Սա շատ պարզ ու հասարակ հարց է, ինչից նրանք տեղյակ չէին և չգիտեին՝ ինչ իրավունք ունեն միջազգային դիտորդները: Արդյունքում մեր իրավունքները ճշտելու համար 15-20 րոպե էր անհրաժեշտ լինում», – պատմել է Դավթյանը:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով` ինքն առիթ է ունեցել մասնակցելու տարբեր մակարդակների ընտրությունների թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս:
«Դիտորդների տպավորությունները չեն կարող լիարժեք արտացոլումը լինել իրական գործընթացների: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, և բողոքի ձայն են բարձրացրել մի քանի հազար հոգի թե Մոսկվայում, թե Սանկտ Պետերբուրգում, կարող եմ փաստել մի բան, որ,ըստ էության, համախմբված ընդդիմություն այդ երկրում չկա և որ այդ խախտումները իրականում այնպիսի ցասում չեն առաջացրել այդ մարդկանց շրջանում, որպեսզի նրանք դուրս գան և բողոքեն այնպես, ինչպես եղավ Հայաստանում 1999 թվականին»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է այս ընտրությունների արդյունքների հնարավոր անդրադարձին Հայաստանի վրա, ապա Արտակ Դավթյանը խորհուրդ է տվել սպասել:
«Կարծում եմ` պետք է տեսնել, թե ինչպիսի կառավարություն, գործադիր իշխանություն կձևավորվեն Ռուսաստանում և ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում ինչ փոփոխություններ կկատարի, այնուհետ մենք կկարողանանք ավելի առարկայական խոսել»: