Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists) իր հերթական զեկույցում հայտնել է, որ ներկայումս աշխարհում 179 լրագրողներ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված տարբեր պատճառներով բանտում են: Զեկույցի տեքստը հրապարակվել է Կոմիտեի կայքում: Անազատության մեջ պահվող լրագրողների թվով առաջին տեղում է Իրանը: 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկել փորձող ԶԼՄ-ների ճնշման արշավի շրջանակներում իրանական իշխանությունները 42 լրագրողի են ձերբակալել:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Էրիթրեան (28 լրագրող), Չինաստանը (27 լրագրող), Մյանման (12 լրագրող), Վիեթնամը (9 լրագրող), Թուրքիան ու Սիրիան (8-ական լրագրող), ինչպես նաև Իսրայելն ու Պաղեստինը (7 լրագրող):
Անազատության մեջ գտնվող լրագրողների, խմբագրերի և ֆոտոլրագրողների թիվը նախորդ տարվանից աճել է 34-ով: Լրագրողների պաշտպանության Կոմիտեն այս աճը բացատրում է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած խռովություններով: Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել է 1996 թվականին: Այդ տարի Կոմիտեի տվյալների համաձայն 185 լրագրող բանտում էր գտնվում: