Home / Հայաստան / Արտասահմանում բնակվող ռուսաստանցիներն ակտիվացել են

Արտասահմանում բնակվող ռուսաստանցիներն ակտիվացել են

Արտասահմանում ապրող Ռուսաստանի քաղաքացիները պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել ընդդեմ կեղծված ընտրությունների:

Ինչպես հաղորդում է «Սնոբ» պարբերականը, Փարիզում դեկտեմբերի 8-ին և 10-ին երկու արտոնված բողոքի ակցիա կանցկացվի:

Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանցիները նույնպես արտոնված հանրահավաք կանցկացնեն դեկտեմբերի 10-ին` Լոնդոնի Թրաֆալգարի հրապարակում: Բացի դրանից, դեկտեմբերի 9-ին նախատեսված է հանրահավաք Ռուսաստանի դեսպանատան առջև:

Նման հանրահավաքներ են անցկացվելու նաև Բեռլինում և Մյունխենում:

Սոցիալական ցանցերում արդեն ակցիաների անցկացման էջեր են ստեղծվել, համաձայն որոնց ակցիաներ են անցկացվելու Դուբլինում, Նյու Յորքում, Ստոկհոլմում, Ֆրանկֆուրտում, Պրահայում, Լիոնում, Հռոմում, Տորոնտոյում, Մոնրեալում, Վաշինգտոնում, Խարկովում, Տոկիոյում և այլ քաղաքներում:

Ռուսաստանում կեղծված ընտրությունների դեմ ակցիաներ են անցկացվելու մի քանի տասնյակ քաղաքներում: Մոսկվայում արտոնված հանրահավքը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` Հեղափոխության հրապարակում: Թեև իշխանությունները 300 հոգանոց հանրահավաք են արտոնել, Facebook սոցիալական ցանցում ակցիային մասնակցելու համաձայնություն է տվել 24,000 մարդ:

Ավելի վաղ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել դեկտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որոնք, սակայն, կոշտ կերպով ցրվել են ոստիկանական ուժերի կողմից: