ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները լավ հասկանում են, որ Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները և ձեռնարկվող քայլերը ցանկալի արդյունքներ չեն տալիս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքով` մոտ 20 տարի համանախագահները անարդյունք այցելություններ են կատարում տարածաշրջանում:
«Արդյո՞ք այս խմբի գործունեությունը շարունակելու անհրաժեշտություն կա, եթե յուրաքանչյուր երկրից մեկական պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չի կարող միանալ այս գործընթացին և արդյունավետ քայլեր ձեռնարկել: Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այս ամենը, համանախագահները պետք է նոր և լուրջ քայլերի մշակման աշխատանքներ կատարեն»,- Մամեդովի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:
Նրա խոսքով` Արևմուտքն ասում է, որ կողմերը պետք է խնդիրն իրար մեջ լուծեն, իսկ միջազգային հանրությունը կսատարի նրանց, «իսկ դա ծիծաղելի է թվում միջազգային հարաբերությունների համակարգում»,- ասել է Մամեդովը: