Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, իր ելույթում դիմելով Սերժ Սարգսյանին, նշել է, որ վերջինս համարձակ նախաձեռնությունների է դիմել հարևանների, առաջին հերթին՝ Թուրքիայի նկատմամբ:
«Դուք հանձն առաք ներքին շատ հավակնոտ բարեփոխումներ: Հայաստանը խաղաղ ժողովրդավարություն է կառուցում, և այդ ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Հայաստանը շուկայական տնտեսության է անցել: Հայաստանը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և այժմ իր ուշադրությունն ուղղում է դեպի Եվրոպա:
Հայաստանից երկու շաբաթ առաջ վերադարձած ԵԺԿ պատվիրակությունը, որը եկել էր գնահատելու ԵԺԿ-ին անդամակցության հայտ ներկայացրած չորս կուսակցությունները, խանդավառված էր: Մենք կասկած չունենք, որ Ձեր կուսակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ: ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է մեր համագումարի ժամանակ՝ 2012թ. փետրվարին:
Հարգելի՛ նախագահ, այսօրվանից մենք Ձեզ համարում ենք Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ: Մենք հաճույքով ողջունելու ենք Ձեզ վաղը՝ ԵԺԿ գագաթնաժողովին, մեր պետությունների և կառավարությունների այլ ղեկավարների հետ», – ասել է Մարթենսը:
Վիլֆրիդ Մարթենսը ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնել իր կուսակցության՝ ԵԺԿ-ի կրծքանշանը:
Նա ընդգծել է, որ դա խորհրդանշում է նվիրվածությունը ԵԺԿ-ին և ԵԺԿ-ի արժեքներին: Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ իր նշած մյուս երկու կուսակցությունների նախագահներին կրծքանշանը կհանձնի ավելի ուշ: