Ադրբեջանի իշխանություններն նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձևափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը պաշտոնական Բաքվին համար շահավետ երկկողմ ձևաչափի: Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
Նախարարությունն ընդգծում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դեզինտեգրացիայի բնականոն գործընթացի հետևանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մոտեցումներ ցույցաբերելու` պաշտոնական Բաքվի անընդունակության արդյունքը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ձևավորվել է` լիովին համապատասխանելով ինչպես այն ժամանակաընթացքում գործող օրենսդրությանը, այնպես էլ բոլոր միջազգային նորմերին, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ է դարձել` ողղված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապես բնաջնջմանը: Անհաջողություն կրելով իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում` Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականության բնագավառում ինտրիգների և սադրանքների մեջ: Ղարաբաղյան հակամարտությունը որպես «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտոնական Բաքվի քարոզչական հնարքն են հանդիսանում, որը կոչված է միջազգային հանրությանը շեղել խնդրի իրական էությունից և հերթական անգամ վկայում է Բաքվի իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ կարգավորելու քաղաքական կամքի և ցանկության բացակայության մասին», – նշված է հայտարարության մեջ:
ԼՂՀ արտգործնախարարությունն ընդգծում է, որ «միջհամայնքային» ձևաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, միակողմանիորեն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ` առանց լուծելու Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» և նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձևափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դեպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ընդհանուր խտրական քաղաքականության հետևանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության գործոնի անտեսումը և կայացած ղարաբաղյան պետությունը ներկայացնելը որպես տարածք Ադրբեջանի կազմում` երկու համայնքների հավասար իրավունքներով:
Ղարաբաղյան կողմը «միջհամայնքային» մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլև չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի և վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն և անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջև:
«Ադրբեջանական փոքրամասնությանը նշված կարգավիճակի արհեստականորեն տրամադրման փորձը զուրկ է որևէ իրավական հիմքից, մասնավորապես, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության ինքնուրույն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)` առանց «համայնքները» հիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի և ադրբեջանցիների փոխհամաձանյության առկայությունից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հնարավորություն էր տրվել մասնակցել քվեարկությանը և երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել էին հեռանալ Ղարաբաղից և նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ դառնալ:
ԼՂՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչների միջև կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանորեն ճանաչումից հետո: Միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների ուղղակի բանակցություններն են ընդունակ կոնկրետ արդյունք ապահովել խնդրի համապարփակ լուծման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման առումով», – ամփոփում է հայտարարությունը: