«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկու ցմահ դատապարտյալներ` Արթուրն ու Գարեգինը, մի քանի օր է` հացադուլ են հայտարարել այս գարնանը Քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններն իրենց վրա չտարածելու պատճառով, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Հրապարակը» նշում է, որ, ըստ տարածված տեղեկությունների, նրանցից մեկն անգամ, ի նշան բողոքի, կարել էր բերանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը թերթի հետ զրույցում հաստատել է դատապարտյալների` հացադուլ հայտարարելու մասին լուրը, սակայն հերքել է բերանը կարելու փաստը:
«Ցմահ դատապարտյալներից մեկը բողոքում է, որ իրեն սխալ են դատել, մյուսն էլ պահանջում է իր վրա տարածել նոր օրենսդրական փոփոխությունները: Դատապարտյալներից մեկը հացադուլը հայտարարել է դեկտեմբերի 6-ից, իսկ մյուսը 7-ին»,- ասել է Ղլեչյանը` հավելելով, որ հիշյալ դատապարտյալները հացադուլ հայտարարելու պահից տեղափոխվել են առանձին պատժախուց և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, սպանության դիմաց պատժաչափ է մտցվել`12-20 տարվա ազատազրկում:
Նախկինում կար միայն 15 տարի և ցմահ ազատազրկում, հիմա օրենքն այլ պատիժների հնարավորություն էլ է տալիս, և ցմահ դատապարտվածները ենթադրում են, որ նրանց պատժաչափը կարող է փոխարինվել 20 տարի ազատազրկմամբ: