Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոստը և հետագա բոլոր ցեղասպանությունները ողբերգական իրադարձություններ են, որոնք մշտապես պետք է հիշողության մեջ մնան, գրում է Prweb.com կայքը` ներկայացնելով հեղինակ, դոկտոր Շաքե Սեթյանի «Մարդկայնությունը անմարդկայնության կենտրոնում» գիրքը, որում գրողը նկարագրել է 1915 թվականին Օսմանյան Կայսրության օրոք իրականացված Հայոց Ցեղասպանության ընթացքում հայերին փրկած մահմեդականների պատմությունները:
«Գիտակցելով ազնիվ մահմեդականների այդ խիզախ գործողությունները, նա հույս ունի ցրել մահմեդականների նկատմամբ մարդկանց մոտ առկա անարդար նախապաշարմունքները: Նա նկարագրում է Ցեղասպանության ժամանակ տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը և մի շարք այլ ուշագրավ խնդիրներ, ինչպես օրինակ 1923 թվականի Լոզանի պայմանագիրը, որտեղ չէր նշվել ոչ Հայաստանը, ոչ հայերի սպանությունները` Ցեղասպանության կազմակերպիչներին պարգևատրելով զոհերի հայրենիքով: Հայկական հարցի ազնիվ լուծման բացթողումը պայմանավորված էր դաշնակիցների` նավթային հարստությունը տարածաշրջանում վերահսկելու ձգտումներով:
Չնայած կառավարության սպառնալիքներին առ այն, որ ով օգնի հայերին, նրա տունը կայրեն, իսկ ընտանիքը կսպանվի հենց իր իսկ աչքի առջև, իսկ այնուհետև ինքն էլ կսպանվի, այս խիզախ փրկարարները քաջագործություն են կատարել` ելնելով իրենց մարդկային բնույթից: Սեթյանը նկարագրում է Հայոց Ցեղասպանության հետագա ազդեցությունը անհատների կյանքի վրա իր տարբեր դրսևորումներով: Նա ցանկացել է ցույց տալ, որ չարչարված և սպանվածները պարզապես վիճակագրություն չեն, այլ կենդանի, շնչող երեխաներ, կանայք, տղամարդիկ», – Շաքե Սեթյանի գրքի մասին գրում է կայքը: