Home / Հայաստան / Լյուկ Վադեվալեն ու ծնողների անտարբերությունը. 94 դպրոցում ծնողական ժողով էր

Լյուկ Վադեվալեն ու ծնողների անտարբերությունը. 94 դպրոցում ծնողական ժողով էր

Երեկ Երևանի 94-րդ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանն արտահերթ ծնողական ժողով է հրավիրել, որի նպատակն է եղել, տնօրենի խոսքով, հասկանալ ծնողների անտարբերությունն ու լսել նրանց դժգոհությունները` կապված ջեռուցման խնդրի հետ:

Ջեռուցման խնդրից էլ սկսել է աղմկահարույց պատմությունը, որի հետևանքով ձերբակալել են բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին:

Նոյեմբերի 28-ին Վադեվալեն և նրա կինը` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Գայանե Վարդանյանը, գնացել են դպրոց` պարզելու, թե ինչու են դպրոցի յուրաքանչյուր աշակերտից 3000-ական դրամ գումար հավաքում: Ավելի վաղ Գայանե Վարդանյանը պատմել էր, որ ջեռուցման խնդրի վերաբերյալ փոխտնօրենի ու մի քանի ուսուցիչների հետ լեզվակռիվ է սկսվել, և այդ պահին, Վարդանյանի պնդմամբ, իր ամուսինը պատահաբար դիպչել է պատին փակցված Սերժ Սարգսյանի նկարին, որն ընկել է պատից, և ապակին կոտրվել է:  Դրանից հետո Վադեվալեին ձերբակալել էին խուլիգանության մեղադրանքով, իսկ նոյեմբերի 30-ին բաց էին թողել:

Epress.am-ի թղթակիցը երեկ այցելել է 94 դպրոց և զրուցել է երկու կողմերի հետ` տնօրենից և ծնողներից տեղեկանալով նաև արտահերթ ծնողական ժողովի ընթացքի մասին:

Սուսաննա Վարդանյանը հետաքրքրվել է ծնողներից և աշակերտներից` արդյոք կան դժգոհություններ, սակայն բողոքել է միայն Գայանե Վարդանյանի աղջիկը` մատնանշելով դպրոցի պայմանների խնդիրը:

Epress.am-ի հետ զրույցում տնօրենը նշել է, որ ջեռուցման խնդիրը սկսվել է դեռևս 2009 թվականին:

«2009 թվականին, երբ շահագործեցինք դպրոցի կաթսայատունը, եղանակային տաք պայմանների պատճառով չնկատեցինք, որ մոնտաժային թերության հետևանքով  երեք շարժիչներից մեկը շատ թույլ է աշխատել: Քանի որ այս տարի սաստիկ ցրտեր սկսվեցին, մենք հասկացանք, որ շարժիչների հետ կապված խնդիր կա, ու դասարաններում կայուն  ջերմաստիճան ապահովելու համար որոշեցինք միջոցներ ձեռնարկել: Ես հրահանգեցի, որպեսզի բոլոր դասարաններում հավելյալ էլեկտրական ջեռակներ տեղադրեն, բայց այն դասարանում, որտեղ սովորում էր Լյուկ Վադեվալեի աղջիկը, ջեռակ չտեղադրվեց: Այդ ընթացքում մեր դպրոցի նախկին շրջանավարտներից մեկն իր օգնությունն առաջարկեց  և փոխեց շարժիչը, որն հինգ օր անց կրկին խափանվեց», – պատմել է նա:

Տնօրենի խոսքով` իրենց  դպրոցի սուղ միջոցներից ելնելով  իրենք հնարավորություն չեն ունեցել այդ պահին վերականգնել շարժիչի աշխատանքը, քանի որ մասնագետները երկու շարժիչները նորոգելու համար 800.000 դրամ են պահանջել:

«Արտահերթ ծնողական խորհրդի նիստ հրավիրեցի, քննարկեցինք այս հարցը ու, որպեսզի դասերն անորոշ ժամանակով չընդհատենք,  ծնողներն առաջարկեցին  իրենց ֆինանսական օգնությունը: Մենք էլ բաժանեցինք մեր դպրոցի հաշվեհամարը, ինչն օրենքով արգելված չէ: Երկուշաբթի օրը, երբ ես կրկին զբաղված էի կաթսայատան հարցերով, դպրոց է գալիս Գայանե Վարդանյանն ամուսնու հետ, բացում դասարանի դուռն ու տեղեկանալով, որ իրենց աղջկին այդ պահին ֆրանսերենի դասի է երրորդ հարկում, բարձրանում են վերև, խանգարում են դասաժամը: Այնուհետ, փոխտնօրենի խնդրանքով, նրանք ներքև են իջնում, որտեղ էլ տեղի է ունենում միջադեպը:  Տեսնելով, որ չեն կարողանում հանգստացնել ծնողին, զանգահարում են ինձ, ես էլ պատվիրում եմ խուլիգանական արարքի համար ոստիկանություն հրավիրել: Երբ դպրոց եկա, ոստիկաններն արդեն եկել էին, իսկ ավելի ուշ իմացա, որ ձերբակալել են Լյուկ Վադեվալեին», – պատմել է նա:

Տնօրենը նաև նշել է, որ ինքն այդ աբողջ ընթացքում դպրոցում չի եղել ու դեպքի մասին տեղեկացել է ուսուցիչներից:

Սուսաննա Վարդանյանի պնդմամբ` ինքը ոստիկանություն է դիմել իրենց դպրոցի շահերն ու իրավունքները պաշտպանելու համար:

«Ի սկզբանե Լյուկն  ու Գայանեն բողոքել են մեր դպրոցի պայմաններից` մատնանշելով պատերը, զուգարանները, ջեռուցումը: Մենք ասել ենք, որ սրանք են մեր պայմանները, և եթե չեն բավարարում, կարող եք տեղափոխել երեխային: Անգամ առանձնազրույց եմ ունեցել Լյուկի հետ թարգմանչի օգնությամբ ու խնդրել, որ նման պահանջատիրական ոճով չմտնի դպրոց, քանի որ մեր դպրոցները չի կարելի համեմատել եվրոպական դպրոցների հետ: Նրանք հրաժարվել են երեխային տեղափոխել` պատճառաբանելով, որ ուսուցչական կոլեկտիվը շատ լավն է և իրենց բողոքը վերաբերում է դպրոցի պայմաններին: Ես էլ բազմիցս ասել եմ, որ սա դպրոց է, և ամեն պահի կարող է դժվարություն ստեղծվել, օրենքն էլ չի արգելում, որպեսզի ծնողն աջակցի դպրոցին, ես էլ դիմել եմ այդ աջակցությանը: Թե որքանով է պետությունը հոգում դպրոցի կարիքներն ու խնդիրները, թույլ տանք, որ պետությունն ինքը մտածի»,- ասել է Վարդանյանը:

Տնօրենը նշել է, որ ինքը մինչ այդ միջադեպը` ուրբաթ օրը, գրությամբ դիմել է Կրթության նախարարություն` տեղեկացնելով դպրոցի մի շարք, այդ թվում` նաև կաթսայատան խնդիրների մասին:

«Երկուշաբթի օրն արդեն տեղի ունեցավ այս միջադեպը, ինչին հաջորդեց նախարարության պատասխանը, որ որևէ անօրինական դրամահավաք մեր կողմից չի եղել: Պարոն Աշոտյանը (ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան – խմբ.) հաստատեց, որ մեր պետության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է պատժվի», – նշել է նա:

Գայանե Վարդանյանի խոսքով` այդ ամբողջ պատմությունը չէր լինի, եթե չկոտրվեր Սերժ Սարգսյանի նկարի ապակին: Նա նշել է, որ մեղադրանքի հիմքում ընկած փոխտնօրենի և ուսուցիչների այն պնդումը, որ Վադեվալեն հայհոյել է և անվայել շարժումներ է արել, չի համապատասխանում իրականությանը:

 

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան» ցուցանակի վրա կախված էր կոտրված նկարը

Ջեռուցման խնդրի առնչությամբ Epress.am-ը զրուցել է նաև աշակերտներից երկուսի ծնողների` Անգին Առաքելյանի ու Նունե Հակոբյանի հետ, ովքեր նշել են, որ իրենց տարածքում (դպրոցը գտնվում է Աջափնյակում – խմբ.) ապրող ծնողներից շատերը ծայրաստիճան անապահով են ու հազիվ են հասցնում հոգալ ընտանիքի հոգսերը: Նրանք ընդգծել են, որ Գայանե Վարդանյանն այդ քայլով պաշտպանել է իր իրավունքները, ու դժվար թե իրենցից որևէ մեկը համարձակվեր գնալ այդ քայլին:

Նրանք փաստել են, որ դպրոցի պայմանները բարելավվելու դեպքում կվերանան բոլոր խնդիրները, քանի որ տնօրինության ու ուսուցչական կոլեկտիվի հետ կապված խնդիրներ իրենք չունեն:

Գայանե Վարդանյանի հավաստմամբ, թեև շատերն են իր արարքը որպես իրավունքների պաշտպանություն որակում, այնուհանդերձ ինքը միայնակ է պայքարում ու ոչ ոք չի համարձակվում միանալ իրեն և բողոքել իշխանությունների անօրինությունների դեմ:

«Ես այդ քայլին գնացել եմ ոչ միայն իմ երեխայի, այլև մյուս երեխաների համար: Եթե դասարանում ցուրտ է ու մրսում են բոլոր երեխաները, ես չեմ կարող խոսել միայն իմ աղջկա անունից: Ես որպես ծնող իրավունք ունեմ պայքարել իմ երեխայի բարեկեցիկ կյանքի համար», – ասել է Գայանեն:

Նա նաև ավելացրել է, որ, չնայած այս ամենին, ինքը չի պատրաստվում երեխային այլ դպրոց տեղափոխել: