ԱԺ-ում կայացած այսօրվա ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը պարզաբանել է, թե ինչու ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ իրենք կողմ չեն քվեարկել «Ժառանգություն» խմբակցության թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին:
«Նույնիսկ հետո (ընտրություններից), երբ որ տիկին Լարիսան իր հարցազրույցում ասել էր, որ շատ գոհ է, շատ լավ ստացվեց, երևաց` իրենք ինչքան ընդդիմադիր են և միակ ընդդիմադիրն են: Ինձ էնպես թվաց, որ իսկապես իրենց նպատակը հենց դա էր (նկատի ունի` ցույց տալ, որ ընդդիմություն են):
Ես չեմ ուզում դա գնահատել, մենք չէինք անի այդպիսի բան: Գուցե, դա շատ տաղանդավոր քայլ է ընդդիմության կողմից, բայց այսպես եկեք դատենք. լո՞ւրջ էր այդ նախաձեռնությունը, թե ոչ: Այսինքն` նպատակն իսկապե՞ս այն էր, որ իրենք կարողանային հաղթել, և ընդդիմությունն իր չորս ձայնով կարողանար հասնել նախագահի կարգավիճակ ստանալուն, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի: Եթե չէ, ապա հարց է առաջանում, ի՞նչ խնդիր են լուծում:
Եթե ուրիշ խնդիր էր, գուցե, ուրիշ խնդիր էր… ամեն դեպքում, եթե մենք գործընկեր ենք, մենք պիտի հասկանանք, թե ինչ է կատարվում, որպեսզի կողմ լինենք», – ասել է Շահբազյանը:
Նա նաև հիշեցրել է, որ անգամ «Ժառանգության» 6 պատգամավորներից բոլորը չմասնակցեցին ընտրությանը (բացակայում էին Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը – խմբ.):
«Այս պարագայում ՀՅԴ-ն պիտի հասկանար, թե ինչի հետևից էր գնում», – ասել է ՀՅԴ-ական պատգամավորը: