2003 թվականին դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Այս օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղը անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին:
Կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ իշխանությունները 2011 թ. ընթացքում շարունակեցին ընդունել հակակոռուպցիոն ուղղվածության օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես, Գնումների մասին նոր օրենքը կամ Հանրային ծառայության մասին օրենքը:
«Իրականացվեցին նաև կոռուպցիոն բնույթի բացահայտումներ. ՀՀ վերահսկիչ պալատն, օրինակ, նման բացահայտումներ կատարեց մի շարք ոլորտներում: Իրենց հերթին, իրավապահ մարմինները 2011 թ. շարունակեցին կանոնավոր կերպով բացահայտել կոռուպցիոն հանցագործություններ և ձերբակալել այդ հանցագործությունները կատարած պաշտոնատար, ընդ որում, նույնիսկ բարձրաստիճան անձանց: Ընդդիմադիր տարբեր կուսակցությունների առաջնորդներն իրենց հրապարակային ելույթներում շարունակեցին մատնացույց անել երկրում տիրող կոռուպցիայի ահռելի մասշտաբները:
Չնայած այս ամենին` տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև շարքային քաղաքացիների ընկալումները մնում են անփոփոխ: Իսկ համաձայն այդ ընկալումների` կոռուպցիան Հայաստանում շարունակում է մնալ համատարած և կրել համակարգային բնույթ: Դա են վկայում նաև միջազգային հայտնի կազմակերպությունների կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքները և դասակարգման աղյուսակը: Տարեցտարի Հայաստանն ավելի ու ավելի է նահանջում դեպի աղյուսակի ստորին հորիզոնականները (նախորդ տարի այս տարվա համեմատ ևս 6 տեղով)` իրենից առաջ թողնելով երկրների, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անհամեմատ ավելի վատ դիրքերում էին գտնվում, քան Հայաստանը: Մտահոգիչ են նաև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան մասնաճյուղի կողմից կոռուպցիայի ընկալման վերաբերյալ 2010 թ. անցկացված հարցումների` այս տարի հրապարակված արդյունքները: Մասնավորապես, 2010 թ. հարցվածների 65 տոկոսը գտնում էր, որ կոռուպցիան հանդիսանում է մեր կյանքի իրողություն: Ընդ որում, այդ թիվը տարեցտարի աճել է. 2008 թ. նույնատիպ հարցման ժամանակ արձանագրվել է 51տոկոս, իսկ 2009 թ.` 59 տոկոս», – նշված է Թրանսփարենսի Ինթերնեշնլի հայտարարության մեջ:
Ամփոփելով վերոնշյալը` կենտրոնն արձանագրում է Հայաստանում առկա ճահճացման իրավիճակը, որն «էլ ավելի անհասանելի է դարձնելու բարեկեցիկ, հարուստ և ժողովրդավարական երկիր ունենալու մեր ժողովրդի երազանքը»: