Ուկրաինական սկանդալային FEMEN շարժման ակտիվիստները որոշել են մերկ կրծքով պաշտպանել ռուսաստանյան ընդդիմությանը, որը երկուշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է անցկացնում «ընդդեմ կեղծված խորհրդարանական ընտրությունների», գրում է Newsru.com կայքը:
Կայքը նշում է, որ Մոսկվա ժամանած երեք աղջիկներին չի վախեցրել անգամ ցուրտ եղանակը (մայրաքաղաքում կեսօրից հետո 0-ից ցածր ջերմաստիճան է գրանցվել) և Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցու դիմաց իրենց վրայից հանելով տաք բաճկոնները, վերարկուներն ու շարֆերը`նրանք կրկին գոտկատեղից վերև մերկացել են:
Աղջիկները ձեռքերում պահել են հետևյալ գրությամբ պաստառ` «Աստված, Թագավորին քշիր»` ակնարկելով Ռուսաստանում տիրող ռեժիմի փոփոխությունը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության թղթակցի հետ զրույցում աղջիկները պարզաբանել են, որ Մոսկվա են ժամանել, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն ռուսաստանյան ընդդիմությանը, որը հանդես է գալիս դեկտեմբերի 4-ին կայացած անարդար ընտրությունների դեմ:
Նրանց ակցիան տևել է մոտ կես ժամ: Այնուհետև եկեղեցու պահակները սկսել է գրոհել ուկրաինուհիներին`խլելով նրանցից պաստառները, միաժամանակ փորձելով ծածկել աղջիկների մերկ մարմինները վերարկուներով: Ռադիոկայանի թղթակցի խոսքով` աղջիկները համառորեն ընդդիմանում էին, փախչում, բղավում: Արդյունքում` եկեղեցու պահակները աղջիկներին տարածքից հեռացնելու համար ոստիկանների օգնությանն են դիմել: