2010 թվականի մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրված և 14 տարվա ազատազրկման դատապարտված Վռամ Բաղդասարյանի (լուսանկարում) փաստաբանները գտել և հրապարակել են մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ այդ սպանությունը Բաղդասարյանը չի կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Գայանե Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այդ գործով անցնում էին վեց մեղադրյալներ, որոնցից մեկն էլ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի քրոջ որդին էր` Արսեն Ահարոնյանը:
Դանիելյանը և Խաչատրյանը ներկայացրել են վերոնշյալ փաստաթուղթը, որն իրենց դեկտեմբերի 6-ին փոխանցել է Վռամ Բաղդասարյանը:
Միքայել Դանիելյանի խոսքով` Վռամը նշել է, որ սպանությունից հետո իրեն կանչել է Հովհաննես Շահինյանը, և առաջարկել է իր վրա վերցնել սպանությունը: Եթե Վռամը համաձայներ դա անել, ապա նրան խոստացել էին երկու տարուց հանել բանտից:
«Շահինյանն ասել է, որ ինքը Թամամյանին պարտք է մեծ գումար, այդ փողը վերջինիս չի տա, և այդ գումարով Վռամի գործերը կդասավորի: Հետո նա ներկայացրել է Վռամին իր ձեռքով գրված մի թուղթ` Վռամի ինքնախոստովանականը, որը մենք այժմ ունենք: Վռամը չի ստորագրել այդ թուղթը, ասել է` մի քիչ էլ կմտածենք, գնացել է տուն, հոր հետ խորհրդակցել է և որոշել, որ չի ստորագրելու», – նշել է Դանիելյանը:
Դանիելյանը նշել է, որ հաջորդ օրը, երբ Բաղդասարյանը եկել է Շահինյանի մոտ, կարողացել է սեղանից վերցնել Շահինյանի գրած թուղթը, որի տակ ինքը հրաժարվել է ստորագրել, և այդ թղթի հետ պատահական վերցրել է մեկ այլ փաստաթուղթ, որում նշված է, որ Թամամյանը Շահինյանին պարտքով է տվել 32 000 000 դրամ, որը 2008 թվականին պետք է վերադարձներ:
«Բայց արի ու տես, որ 2010-ին դեռ չէր վերադարձրել, ու ավելին ասեմ` դա կարողացավ Թամամյանի դեմ օգտագործել», – ասել է Դանիելյանը:
Վերջինս նշել է, որ, ինչպես պարզվեց, Շահինյանն ավելի թափով էր, քան Թամամյանը և խոսքը նրա մասին է, որ օլիգարխական և քրեական տարրերն ավելի ուժեղ են, քան օրենքը:
«Եվ երբ որ Շահինյանը հանդիպեց նախագահի հետ, ինքը նրան համոզեց, որ իրական սպանողը Վռամ Բաղդասարյանն է, և Թամամյանը, փող վերցնելով, կոծկեց այդ գործը:
Հետևանքը գիտեք, Թամամյանին հանեցին պաշտոնից և նրա դեմ քրեական գործ հարուցեցին: Նրա վրա մի քանի քրեական հոդված է դրված, մի հոդվածը հենց այդ սպանության գործով է: Բայց իրականում Թամամյանը չի կատարել այդ հանցագործությունը», – ասել է Դանիելյանը:
Epress.am-ի հետ զրույցում Բաղդասարյանի պաշտպան Գայանե Խաչատրյանը բացատրել է, թե ինչու Վռամ Բաղդասարյանն ավելի շուտ չի ներկայացրել այդ փաստաթուղթը:
Խաչատրյանի խոսքով` Բաղդասարյանն իրենց հայտնել է, որ թե դատարանը, թե դատախազությունը կողմնակալ վերաբերմունք էին ցուցաբերում իր նկատմամբ, այդ իսկ պատճառով այդ փաստաթղթի մասին որոշել է լռել:
«Այս փաստաթուղթը գումարայինից բացի, ապացուցում է, որ Հովհաննես Թամամյանը լավ հարաբերությունների մեջ է եղել Շահինյանի հետ, հետևաբար նա Վռամ Բաղդասարյանի օգտին որևէ գործողություն չէր կարող իրականացնել: Միգուցե, իր նախկին պաշտպանի նկատմամբ վստահություն չուներ դրա համար էլ չի տվել: Քրեական գործի նյութերով չի հիմնավորվում Վռամ Բաղդասարյանի կողմից սպանություն կատարելը, և, երևի, Վռամ Բաղդասարյանը, հույս ունենալով, որ ի վերջո դատարանը կարող է արդար դատավճիռ կայացնել, գտել է, որ այդ փաստը նշելը նպատակահարմար չի: Բայց քանի որ դատավճիռը կայացված է, 14 տարվա պատիժ է սահմանված, սա այն հանգամանքն է, որը Բաղդասարյանը որոշել է հայտնել: Մենք գտնում ենք, որ սա վառ ապացույց է առ այն, որ Թամամյանը որևէ փաստ չէր կարող խեղաթյուրել»,- ասել է Գայանե Խաչատրյանը:
Վերջինս նաև նշել է, որ քրեական գործում կա ԱԱԾ-ում կատարված գործով անցնող մեղադրյալ Պետրոս Գրիգորյանի խոսակցության գաղտնալսումը, որն արվել է ԱԱԾ մեկուսարանում և ճանաչվել է իբրև ապացույց, այսինքն` այնտեղ նշված բոլոր փաստերը դատարանը ճանաչել է հավաստի:
«Այդ ձայնագրությամբ Պետրոս Գրիգորյանը հայտնում է, որ Հովհաննես Շահինյանը հանդիպել է Հանրապետության նախագահին, պատմել է այս դեպքի մանրամասները: Մենք համոված ենք, որ, խաբելով նախագահին, Շահինյանը հայտնել է, որ ոչ թե իր քրոջ որդին է կատարել սպանությունը, այլ Վռամ Բաղդասարյանը: Ի դեպ, այդ ձայնագրությամբ նշված է, որ ՀՀ նախագահը ասել է, որ տեղյակ է ամեն ինչից և տոներից հետո այդ գործը կփոխվի: Արդյունքում ԱԱԾ-ի պետը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու և հետևանքների մասին գրություն է ուղարկել Աղվան Հովսեփյանին, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ, որով դատապարտվել է Վռամ Բաղդասարյանը», – հավելել է Խաչատրյանը:
Հելսինկյան ասոցիացիան նաև տեղեկացրել է, որ իրենք Բաղդասարյանի գործով բաց նամակ են ուղարկելու Սերժ Սարգսյանին` ակնկալելով, որ նա կծանոթանա իրենց բողոքի բովանդակությանը և միջոցներ կձեռնարկի, որպեսզի այս գործով տարվի օբյեկտիվ քննություն: