Իր հարսին` 20-ամյա Մարիամ Գևորգյանին շուրջ 10 ամիս խոշտանգումների ենթարկած 48 տարեկան Հայկանուշ Միքայելյանը երեկ 20:30-ին Մոսկվա-Երևան չվերթով Երևան է տեղափոխվել և ձերբակալվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանի Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:
Միքայելյանը հետախուզման մեջ է եղել 2011 թվականի հունվարի 21-ից ՀՀ քր. օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Միքայելյանը բնակվել է Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ Հայկանուշ Միքայելյանը հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Մինչ Մարիամ Գևորգյանը Զիրոյանն ու մայրը երեք տարվա ընթացքում խոշտանգել են նրա առաջին կնոջը, ով զրկվել է աչքերից մեկի տեսողությունից:
Դեպքի մասին հայտնի է դարձել միայն մեկ տարի անց, երբ նախորդ շաբաթ hetq.am կայքը ներկայացրել էր Մարիամ Գևորգյանի պատմությունը, իսկ արդեն երեկ «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա» նախաձեռնությունը ակցիա է կազմակերպել ՀՀ դատախազության առջև` պահանջելով գործի արդար քննությունը:
Մարիամ Գևորգյանին և նախաձեռնության ներկայացուցիչներին ընդունել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, ովքեր հավաստիացրել են, որ գործի նախաքննությունը կրկին վերսկսվել է և այն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի վերահսկողության տակ: